Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռքե չի հանելու համար։ Ասոնը աչքին պատիվը դրամն է ու ամեն բան ընելու կարող են այս պատվին համար։

Իսկ հերոսուհին կրտսեր քույրերնին է. Մարգարիտը սրտի ու մտքի տեր աղջիկը, մռայլ խորհուրդներով ծանրաբեռնված այս տան մեջ միակ լուսավոր դեմքը։

Հետո՝ մայրերնին Երանուհին պարզամիտ ու աստվածավախ կին որ իր աղվորությանը համար, Անդրեասին հետ ամուսնացած էր։

Ահա ընտանիքին բոլոր անդամները, անոնց վրա թե որ ավելցնենք Արտաշես Օթարյանը, Անդրեասին կողոպտած ընկերոջը որդին որ Մարգարիտը կը սիրե, փիեսին անձինքը կամբողջացվին։ Գործողությունը կսկսի անով որ Օթարյանը ձեռք կանցընե կարգ մը Անդրեասին ստորագիրը կրող հին վավերագիրներ որոնք այս վերջինին հարստությանը՝ Օթարյանին պատկանիլը կը հաստատեն։ Օթարյան կուզե որ իր իրավունքը ճանչցվի ոչ այնքան դրամի համար, քան թե վերցնելու համար իր վրայեն Անդրեասի ողորմությամբը ապրած լինելու նախատինքը, որ զինքը Մարգարիտին առջև նվաստացուցիչ դիրքի մը մեջ կպահե։

Կերևակայվի Անդրեասին սարսափը երբ այս վավերագրերով գոյությունը կիմանա։ Ամեն թուղթ ոչնչացած կը կարծեր։ Երիտասարդ Օթարյանի քանի մը հազար մանեթ տալով ձեռքեն ստորագրություն մը կորզելու կը ջանա ու չի հաջողիր։ Դատի սպառնալիք կա։ Իր հարստությունը, 700.000 րուպլը, երեվակայեցեք, կորսվելու վրա է։ Այն ատեն երիտասարդին Մարգարիտին համար ունեցած սերեն օգտվելու գարշելի գաղափարը կը հղանա, բայց Մարգարիտ իրեն գործակից չի կրնար ըլլալ. զայն խաբելե ուրիշ հնար չկա։ Սուտ զայրույթով մը իր աղջկանը դեմ կը բարկանա ըսելով որ Օթարյանը զրպարտիչ մըն է և իր աղջիկը դատավոր կընե այս մասին ըսելով, «դո՛ւն ուզե, առ Օթարյանին փաստերը ու վավերագիրները, պիտի տեսնես որ ոչ իսկ թուղթի կտոր մը ունի»։

Մարգարիտ այս նենգավոր խոսքերեն կը խաբվի։ Օթարյան են կը պահանջե այդ թուղթերը տեսնել ու այս վերջինը առանց վարանելու, թուղթերը իր սիրուհվույն կը հանձնե: