Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պաքուի տրամաթիք խումբը որ ներկայացուց Շիրվանզատեի փիեսը, հայտնություն մը եղավ ամենուս համար, ապշեցուցիչ, հիացուցիլ հայտնություն մը։

Այս վերջին մեկ քանի ամիսներու մեջ թե՛ տեղական և թե դուրսեն մեծադղորդ ծանուցումներով զինված խմբակներ, հայերեն լեզվով կարգ մը ներկայացումներ տվին ու պետք է խոստովանիլ որ հայ լեզվով թատերական ներկայացումներ տեսնելու եռանդնիս ցրտացուցին։ Համբակներ ու թերուսներ կամ հինցած ու փճացած ուժեր՝ կյանքի ըմբռնումե ու գրական զարգացումե զուրկ էին։ Եվ ի՞նչ եղավ մեր զարմանքը, երբոր ուրբաթ գիշեր Պաքուի տրամաթիք խումբը Շիրվանզատեի հոյակապ գործը նույնքան հոյակապ արվեստագիտական տաղանդով մը ի հանգես բերավ։

Պ. Աբելյան, Անդրեաս էչիզբարյանի ճնշիչ դերին մեջ, անստգյուտ կատարելությամբ մը ցույց տվավ որ լիովին ըմբռնած է Շիրվանզատեի գծած վաճառականի դեմքին բոլոր գիծերը, ամենեն նուրբերեն սկսելով մինչև ամենեն թանձրերը, այդ նկարագրին հոգեկան ազդակները, ընկերական ըմբռնումները, առուտուրի մարդու բարոյականը, խորամանկություններն ու ճարտարությունները։ Այս ամենը այնքա՛ն հարազատ կերպով պատկերացած էր իր դեմքին վրա, այնքա՛ն ճշգրիտ կերպով խտացած իր շարժուձևին մեջ, որ մտքովս ըսի թե մի՛ գուցե պ. Աբելյան առևտուրի աշխարհեն վտարյալ մը ըլլա և ո՛չ աննման արվեստագետ մը։ Հիշեմ այստեղ երկրորդ արարվածին մեկ տեսարանը ուր իր ընտանիքի բոլոր անդամներուն