Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա իր ցասումը կը թափե, կը վռնտե զանոնք։ Ականջիս մեջն է իր ձայնը.

— Դե՛հ, կորե՛ք, հայտա՛...

Պարզապես հիանալի է այն դիմափոխությունը որով նույն վայրկյանին Օթարյանի թուղթերը ձեռք անցընելու համար կը հաշտվի իր աղջկան՝ Մարգարիտի հետ, շոյելով անոր գլուխը․

— Ա՜յ օրհնյալ լինիս, աղջի՛կս, դու բարի սիրտ ունիս։

Ու երբ Մարգարիտ Օթարյանեն առած թաշուղթերը ցույց կուտա իրեն, իր անմեղությանը վստահ արարածի մը ամբարտավանությամբ, ըսելով անոր.

— Քննի՛ր և տես։

Իսկ հոն ուր ինքդ ինքը գերազանցեց, չորրորդ արարվածին այն տեսարանն է ուր Օթարյանին փաստերը գողությամբ ձեռք անցունելե հետո՝ անոր դեմ լրբությամբ կը կանգնի ու մարդ ճամփա դնելու սովորական բանաձևովը Սաղաթելին դառնալով կըսե.

— Ելիր կլուպ երթանք, փռեֆերանս խաղալու, կլուպ երթանք։

Տիկին Արմենյան Մարգարիտի դերը ուներ։ Միմիայն իր «դուրս գալը» սենային վրա հաջողություն մը եղավ, անոր համար որ նախ ամեն շնորհալի կնոջ դեմքը ինքնին հաջողություն մըն է արդեն։ Տիկին Արմենյանինը հաղթանակ մը դարձավ, էրբ իր խաղը տեսանք, երբե՛ք այսքան շնորհ, այսքան նուրբ ու այսքան արտահայտիչ դեմքի մը վրա միացած չէր։ Իր ձայնին քաղցրությունը ու արտասանության վճիտությունը, ճշմարիտ հրապուրանք մըն էր. ամենեն խորունկ տպավորությունը թողուց, երբ թուղթերու գողության պահուն քունեն սթափելով, ճերմակներու մեջ փաթթված, վրեժխնդիր ոգիի մը պես հորը ետևեն խոյացավ, ու ավելի առաջ երթալու անկարող, գետինը փռվեցավ։

Իսկ պարզապես հրաշալի էր չորրորդ արարվածին մեջ, երբ իր հորը աղաչեց որպեսզի ետ տա գողցված թուղթերը։

«Հայրի՛կ, հայրի՛կ» աղաղակը բոլոր սրտերը գղրդեց։ Ու թուղթերուն կրակի մեջ նետվելով փճանալու պահուն իր դեմքին զարհուրած արտահայտությունը, իր քարացումր,