Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրդովյալ ձայներն, առանձնություն ու լռություն կը տիրեր իր շուրջն, ամենքն աշխարհիս մեջ կզբոսնուն ու զվարթ էին. ինքը միայն մենիկ ու ապերջանիկ մնացեր էր։

Իր մանկությունն ու պատանեկությունն որբության, աղքատության ու աշխատության մեջ անցուցեր էր. հազիվ երիտասարդ, ամենեն կանուխ թևակոխած հրապարակային կյանքին մեջ ուր վաղաժամ այլ արդարացի համբավ միրեն կը հետևեր․ ափսո՛ս, մեկը չէր ունեցած հաղորդելու ու բաժնելու անոր հետ իր մշտահույզ հոգվույն վրդովմունքն։ Իր հայրն ու մայրը գերեզմանեն միայն կրնային նայիլ իրենց միակ որդվույն փառալից կենացն և չի կար իր քով սիրեցյալ մեկն որու բանար իր հազար զգացումներով, հույսերով, խանդաղատանոք լեցված սիրտը, Սեդրաքի մահվընե ի վեր մենակյաց, ծեր, դաժան ու վայրենի մեկը դարձեր էր. Սեդրա՛ք... շատոնց սև հողը կը ծածկեր զայն... ու ինքը մինակ, բոլորովին մինակ մնացեր էր աշխարհիս վրա...։

Այս տխուր մտածումներուն մեջ էր երբ մերձակա սրահեն դաշնակի մը վրա քաղցր ու տրտում եղանակ մը կը բարձրանար, իբրև թե ծովուն ալյաց վրայեն ու գիշերվան խորին լռության մեջ, համր ու դանդաղ շեշտերով։

Զարմա՛նք, այս եղանակն անծանոթ չէր Տիգրանին. անոր տրտմահնչուն նվագեն ճանչցավ թե Սեդրաքի սիրած մեկ կտորն էր։ Հուզյալ և անձկանոք ոտք ելավ, հասկնալու համար թե ո՛վ էր այն անձն, որ պարահանդեսին թնդյունեն ու աղմուկեն խուսափած, առանձին սրահի մը մեջ կը դաշնակեր այս տխուր եղանակն՝ որ այնքան մոտեն իր գաղափարաց տրտմությանը կը պատշաճեր։

Երիտասարդ ու վայելչագեղ կին մ՛էր որ, առանց նոթայի, միայն իր հիշողության զորությամբ, այս դժվարին կտորը դաշնակին վրա այնչափ կատարելությամբ ու հոգվով կը զարներ։ Ամուսինը, Տիգրանի ծանոթ պաշտոնատար մը, անոր մոտն էր, որ զինքը տեսնելով ըսավ. «Մոտեցե՛ք, սիրելի փաստաբանս. կերևի թե դուք ալ ինձ պես ժխորե չեք ախորժիր, բայց իրավունք չունիք դուք, որովհետև դեռ երիտասարդ եք և զբոսնելու պետք ունիք։ Տիկին, ավելցուց, իր մանկամարդ կնոջ դառնալով,