Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արձանացումը, կապկպված լեզվին տեղ՝ մեծ-մեծ բացված գեղեցիկ աչքերուն նայվածքը, այն mimiqueի զլուխգործոցներեն է որոնց իրականացումը մեծ տաղանդներու վերապահված է։

Մյուս բոլոր դերակատարներուն առթիվ ալ իմ զմայլանքս հայտնելու համար դեռ շատ մը էջեր լեցնելու եմ։ Բավականանամ միայն շնորհավորելով պ. Արմենյանը որ Սուրենի գերով ճշտիվ պատկերացուց «Անառակ Որդվույն», բայց անառակությանը հետ՝ հոգեկան ազնվությունը պահող երիտասարդի նկարագիրը որ կերպով մը Ռյու Պլասի մեջի Տոն Սեզար տը Պազանը կը հիշեցնե։

Պ. Բիրոյան ոչ նվազ հաջողությամբ երևան բերավ Բազրատի դերին մեջ դրական իմաստասիրությամբ ախտավարակ սերունդի մը չոր ու ցամքած սիրտը. տարիքնուն առաջ ծերացած տղաքներ՝ որոնք բանաստեղծության սփոփանքեն ու վայելքեն իսպառ հրաժարած են, մռայլամած մարդիկ որ շարունակ տրտմության քող մը կը նետեն մարդկության երեսին վրա։

Պ. Ազյան՝ Սաղաթելի տարապայման կերպով դժվարին դերին, Ոսկանյան՝ Օթարյանի, տիկին Պուրժալյան՝ mondaine աղջկան, տիկին Զապել՝ ավազակ էրկան մը ձեռք ինկած նկուն և ջերմեռանդ կնկան մը դերերնուն մեջ ճշմարիտ արվեստագետներ հանդիսացան։ Փիեսր այնպիսի մաեսթրոյով մը ներկայացավ որ անպատմելի հմայք մը գործեց բոլոր սրահին վրա։ Ադամյանի մահվընեն ի վեր Պոլիս ասանկ արվեստական ներկայացում տեսած չէր. ֆրանսական մեծ tourneeներու ներկայացումներն անգամ այս տպավորությունը չկրցան ձգել, այն պատճառով որ անոնց մեջ մեկ-երկու առաջնակարգ դերասանի շուրջ բոլորված են անհավասար և աններդաշնակ կարողություններ, իսկ հոս բոլորը ներդաշնակապես կցված, հավանականաբար, երկար արվեստակցությամբ մը միևնույն զարգացումը ու ըմբռնումը ստացած են։ Այս խումբը, հակառակ պայմանագրական կանոններու, ռեքլամներ չըրուվ թերթերուն մեջ, իր ծանուցումը այս ներկայացումը եղավ և ասկե ավելի շքեղ ու հզորը չէր կրնար ըլլալ։ Առանց վերապահության կրնամ հայտարարել որ այս տրամաթիք խումբը հայոց