Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրած և ոտքերը վեր տնկած մարդ մը, տեսակ մը clown զոր Փերա սիրքին մեջ հաճախ կը տեսնեինք ատեն մը։


Անկեց ի վեր տարիներ անցան, բայց դպրոցականի շրջանիս այս տպավորությունը չի կրցա բոլորովին մերկանալ։

Մինչև այսօր գլխու վրա կեցող մարդոց ամեն տեղ կը հանդպիմ. կը բարևեմ զիրենք, երբեմն կը խոսիմ հետերնին. կան որ ծանոթներս են։

Պետք է իսկույն ավելցնեմ որ ընդհանրապես պատվավոր մարդիկ են ասոնք։ Պատվավոր՝ այն առումով որ եթե անպատճառ անբասիր վարք ու բարք մը չի նշանակեր, գոնե ուղղակի դատարան և բանտ առաջնորդող անպարկեշտություններն զգուշություն կենթադրե։ Միջակ պատվավորություն՝ որ ճոխ սեղանի մը շուրջը, կանոնավոր մարսողության մը պահուն մաքուր խղճմտանքի մը ցոլացումը կուտա մարդուս երեսին, հարաբերական պատվավորություն՝ զոր Շեմելֆինկ առուտուրի մարդոց բարոյականին վրա տեղեկություններ ծախող տունը՝ իր չափված, ձևված, հաշվված ասացվածքներովդ խիստ լավ կը բացատրե երբեմն իր նամակներուն մեջ։

Հակոտնյան սովորաբար եկեղեցասեր է, ինչ որ ոչ միայն չի վնասեր, այլ վարկի բարձրացման ալ կը ծառայե որոշ չափով մը. հետո մուտք կուտա ազգային գործերուն որ Պոլսո մեջ դիրք մը կազմե։

Տգետ հակոտնյան կա, բայց ուսած զարգացած հակոտնյան այլ չի պակսիր։ Սովորաբար լավատես ու զվարթախոհ է. չեմ պնդեր թե ամեն նուրբ հեգնությունները կը ճաշակե, բայց կատակը կը սիրե և պզտիկ համեստ խնդուքով մըն ալ կստորագծե երբեմն, զգուշանալով բարձրաձայն քահքահեն որ «բանը գործը գիտցող» դասին մեջ անվայել կը նկատվի։

Մեր հասարակության մեջ հակոտնյան անհրաժեշտ տարր մը կը ներկայացնե, պահպանողական ոգին, որ Հետադիմություն ալ կը նշանակե. նոր ստեղծված թիփ մը չէ, ի վաղուց անտի գոյություն ունի և ասկե վերջն ալ պիտի ունենա, բայց