Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տարվինի օրենքներուն համաձայն՝ իր ապրած միջավայրի պայմաններուն հարմարած և ըստ այնմ զինված է։

Կոչումով կղերին պաշտպան, Եկեղեցիին ալ անձնվեր զինվորն է ան. քսաներորդ դարու Կոտըֆրուա տը Պույոնը, եթե ոչ Թարթյուֆը, վերջապահի՜կ ասպետ՝ որ ի հարկին կարող է խաչակրություն մը կազմակերպել նորօրինակ Արշակավանի մը բոլոր բնակիչներեն, պահպանելու համար իր ժամուն մուտքը։

Իր իսկական ու անսեթևեթ կերպարանքին մեջ «գործի մարդն» է, նեղությամբ, չարչարանքով հասած, դիրք մը շինած մարդը, նկարագրի տեր թե որ կուզեք, անսայթաք քալողը ամեն ծուռ ու մուռ ճամփաներեն, առաթուր կոխող անցնողը ամեն պզտիկ ու մեծ, չնչին ու երբեմն ահավոր արգելքները, փոքրիկ ծաղիկեն սկսելով մինչև իր խղճմտանքը։

Անպատճառ առուտուրի մարդ չէ ան. գրող, օրագրող հակոտնյան ալ կա, այս վերջերս մանավանդ, շատ տարածված։

Այս նոր սեռը Հեղափոխությունը կատե՝ բայց ռամկավարության հետ հաշտ է. մտավորական մը ըլլալու չափ պաշար չունի և գաղափարի մարդը ըլլալու պետքը չզգար իր հոգիին մեջ. հավիտենական վարձկան մը ըլլալու պատիվը կը բավե իրեն։

Խնդրանքի և Մատուցումի մեծ օրենքին համաձայն՝ շատ կը փնտրվի ան այս օրերս մանավանդ, իհարկե ոչ շատ մաքուր, ոչ շատ ազնիվ պայքարի մը համար։ Իտալիո մեջ ատեն մը condottieribfyr, braviներ կային, ուրիշի հաշվին կին առևանգողներ, մարդ սպաննողներ. գրչի հակոտնյան այսօր միևնույն արհեստը ի գործ կը դնե մեր հրապարակագրության մեջ։


Հակոտնյան մեր մեջ պատմական մեծ դեր մը կատարելուն համոզված է, եկեղեցասեր պահպանողականի դերը, կռվելով ժողովուրդին դեմ, մտավորականներուն դեմ, երիտասարդության դեմ, ճիշտ այն երեք լույսերուն դեմ՝ որոնցմով մերինին նման ճակատագրապես դժբախտ ազգերը նեղությամբ կը հառաջանան իրենց ճանապարհին վրա։