Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆրանսացի հեղափոխականներուն la patric en danger փողածին նման, կրոնքը ու բարոյականը վտանգի մեջ է կաղաղակե ան ամեն տեղ, երկու գաղափար՝ որոնց համար իր բարբառովը «կուտ մը» անգամ չի տար, իբրև ճշմարիտ գործի մարդ։

Ուշադրություն ըրեք երբոր փողոցը մեկու մը կը հանդպիք որ ազգին բոլոր հոգերը շալկած մարդու մը գիտակցությամբը ծանր ծանր կը քալե. ուսերը կը կքին այս բեռին ծանրության տակ, տեսեք սա մարդը որ կը ծիծաղի հագուստ չունեցող ժողովուրդին վրա, որ նրբամտություններ կը թափե Ռուսինյանի պես ըսելով.

Ո՛վ է սա հովկուլ հուղկահարն
Որ աչքն ի դուրան և քիթն ի քամի
Մաքիստրիկ քայլով կուգա ի հանդես։


Տեսեք զինքը երբոր մտավորականը՝ անաստված, հեղափոխականը՝ ազգավնաս կը կոչե. տեսեք երբոր մաղձով, թույնով, ժահրով լեցուն իր լեզվին ծայրովը աղտոտել կուզե ինչ որ կա մնացած դեռ մեր մեջ բարձր և ազնիվ. տեսեք, ուշադրություն ըրեք իր դեմքին․

— Հակոտնյան է ան։