Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սուրբն է։ Երբ ուշադրությամբ հետևինք հայ պատմության, կը տեսնենք որ գիրի գյուտը հայուն գոյության ամենամեծ ազդակը եղած է։

«Վերջին 100 տարվան գրեթե ժամանակակից պատմության վրա աչք մը նետենք։ Անցյալ գարուն սկիզբը գրականություն չկար. գրաբարը կորսված էր, իսկ աշխարհաբարը դեռ չէր կազմված։ 1850ին Մամուլը սկսավ հրատարակվիլ, հետո Մխիթարյանները սկսան։ Օտյանի պես հոյակապ անձ մը պզտիկություն չսեպեց իրեն գրականությամբ զբաղելու և անով պատվվելու։ 1870ին թե՛ Թուրքիո և թե Կովկասի մեջ գրականությունը զարթնում մը ունեցավ։ Այնտեղ ծագում առին Աբովյան, Րաֆֆի, Միք. Նալպանտյան ևլն։ 1880ին հայ գրականությունը արդեն բոլոր գրականություններուն մեջեն իր գլուխը վեր բարձրացուցած էր։

«Եվ կը վիճակվի որ 15 դար վերջ Աշխարհաբարի Ոսկեդարը իրմե առաջ պանծացող Գրաբարի Ոսկեդարը ողջունե։ Ազգ. կյանքը ևս վերջին 100 տարվան մեջ մեծ զարթնում մը ունեցավ, մանավանդ 1860ին, երբ Ազգ. Սահմանադրությունը հրատարակվեցավ։ Անկե 20 տարի վերջ կրթական և ազգային ընկերություններ կազմվեցան։

«Եթե քննենք ազգի մը իյնալուն պատճառները, պիտի տեսնենք թե է՛յն ազգը որ եսականությամբ օժտված է, ո՛րքան հույս և կենսունակություն ալ որ ունենա իր մեջ, նորեն կիյնա այդ ազգը։ Իսկ երբ եսականության տեղ այլասիրության և ազգասիրություն տիրե, ո՛րքան ալ հուսահատ ըլլա այդ ազգը, նորեն չմեռնիր (ծափեր):

«Մեր ազգին ճակատագրին մեջ գոյություն ունեցող հակասության պատճառը ա՛յն է որ, Հայր կազմված է երեք գլխավոր ցեղերե. 1. Ասիացի Արարատցիները, որ իրենց խաղաղ հոգին և ժայռի պես տոկուն նկարագիրը ձգած են մեզի։ 2. Խայերը կամ Խաթերը, որ իբր Փյունիկյան ազգ իրենց առևտուրի հնարիմաց միտքը ժառանգ թողուցած են, և 3. Արմենները, որոնք Եվրոպայեն գալով իրենց միտքի նրբությունն ու ճաշակը տված են մեզ։ Այս երեք ցեղերու միացումին ատեն հաջող շրջան մը չէ եղած, ա՛յս է պատճառը մեր