Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ահավասիկ ձեզ կը ներկայացնեմ իմ ամենեն ավելի հարգած բարեկամներես մին, այն երիտասարդ փաստաբանն՝ որու անունը ամենուն բերանն է․ տիկին Արամ էֆենտի, ավելցուց երիտասարդին դառնալով»։ Տիգրան դեղնեցավ, դեմքը խիստ խոժոռ երևույթ մը առավ ու կատարյալ բարեկրթությամբ խոնարհություն մը ըրավ իր բարեկամին կնոջ, բայց չի պատասխանեց։ Աննախատեսելի դիպվածով դեմ առ դեմ կը գտնվեր այն միակ կնոջ՝ զոր հավիտյան չի տեսնել ուխտած էր և Սուրբիկ կարդաց անոր խոժոռած դեմքին վրա իր դժկամությունը։

Երիտասարդ փաստաբանին համակիր մտերմաց մեջ շատոնց ի վեր առաջին տեղը կը բռներ Սուրբիկի ամուսինն։ Անգետ այն աղետավոր պատմության որո իր կինն անողոք դյուցազնուհին ու Տիգրանի բարեկամն անմեղ զոհն եղեր էին, և որ անշուք ու մոռացյալ հողակույտին մեջ ծածկված էր, Արամ էֆենտի առաջին տեսութենեն ի վեր անսահման համակրություն ուհեցեր էր Տիգրանի համար։ Գիտուն, ծանրաբարո, ինքնօգնությամբ ձեռք բերած իր բարձր պաշտոնն, որու համար պահանջված արժանիքեն ավելին ուներ, ծերունի պաշտոնատարը մեծապես կը հարգեր անոնք որ իրեն պես միայնակ ու անօգնական հառաջացած էին ընկերության դժվարամատչելի դասերուն մեջ։

Անկողմնակալ ու ձեռնհաս դատավոր գոլով ամեն արժանյաց ու կարողությանց, մեկ նայվածքով գուշակեր, ճանչցեր ու գնահատեր էր երիտասարդին մեծ տաղանդն ու մեծագույն ապագան։ Անոր ազատ ու հմտալից խոսվածքը սիրեր, կծու ու հեգնող բառախաղություններեն ախորժեր ու վճռական ու ծայրահեղ դիտողություններն համաձայն գտեր էր իրեններուն։

Այսպեսով կազմվեր էր այն հաստատ բարեկամությունը զոր ամեն առթիվ ցույց տված էր երիտասարդին և որ քիչ քիչ հայրական գորովանաց փոխակերպեր էր։ Արդարև Սուրբիկի ամուսինն հիմա հիսունի մոտ պետք էր լինիլ։

Միայն կարծես երիտասարդը չէր ճանչցած լիովին անոր մտերմությունը, միշտ հարգալից այլ միշտ քաշված՝ չէր պատասխանած անոր համարձակ անկեղծությամբը։ Զորօրինակ