Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդիկ...» — աաում է Զոհրապը իր առաջնորդողներից մեկում («Տարի մը»)։ Այս տողերի մեջ արտահայտված է՝ պատանեկան տարիներից մինչև մահ իր ժողովրդին նվիրված հանրային գործչի ազնիվ մտորումը, որ ծրագրային սկզրունք էր նրա համար և որով նա ցանկանում էր դաստիարակել իր հանրային պարտականությունը գիտակցող, իր սեփական ուժերի վրա հենվող հասարակության անդամներ, որոնք գործեին համահավաք ուժերով ու միջոցներով։ Ահա այս միտքն է զարգացնում Զոհրապը սույն հոդվածի մեջ։

Ադրիանապոլիսի Աղքատախնամ ընկերությունը կազմակերպված էր 1856 թվին։


ՖՐԱՆՍՈԻԱ ՔՈՓՓԵ

1. Ժերսեյի տարագիրը — ակնարկում է Վ. Հյուգոյին, որ մի ժամանակ աքսորական ապրեց Լամանշի՝ անգլիական Ժերսեյ կղզում։

2․ Սեն-Փուանի մենակյացը — ակնարկում է Լամարթինին, որ ապրել և թաղվել է Սեն-Պուտնում։

3. Փանոսյան Աղեքսանդր (1858—1919) — բանաստեղծ, գրել է շատ պերճ հանգերով, հատուկ նշանակություն տալով ձևին, ոչ-միշտ հօգուտ բովանդակության։ Ունի նաև մանկական բանաստեղծություններ։ Բանաստեղծությունների մի մասը ամփոփված է Այգեկութք ժողովածուի մեջ։ Կատարել է շատ թարգմանություններ։ Գրել է նաև Ալփասլան ծածկանունով։


ՄՈՌՑՎԱԾՆԵՐ

1․ Զորայան Նիկողոս (1821—1859) — հայտնի տնտեսագետ, հրապարակախոս, մանկավարժ, հեղինակ Նկարագիր ազգային դաստիարակության Տեղեկությունք տնտեսագիտության վրա, Վարժություն ընթերցանության և այլ աշխատությունների։

2․ Արմենակ Հայկունի, ճիզմեճյան (1835—1866) — գրող և հրապարակախոս։ 1857 թ, հրատարակում է Մուսայք Մասեաց թատերական հանդեսը։

Գրել է երկու երաժշտական ողբերգություն՝ Արա գեղեցիկ և Վատ սիրտ (օտար կյանքից)։ Սրանք գրված են չափածո, իբրև օպերա ներկայացվելու համար։ Գրել է նաև մի արձակ ողբերգություն Ողիմպիադա խորագրով, որի նյութը առնված է հայոց պատմությունից, ինչպես և մի ռոմանտիկ վեպ՝ էլիզա (1861), որ արևմտահայ առաջին վեպերից մեկն է։ Զբաղվել է նաև ուսուցչությամբ։

3․ Քրիստոսատուր Ղազարոսյան (1816—1891) — հանրային գործիչ, ուսուցիչ, եղել է Ազգային Ժողովի անդամ։ Գլխավորապես նրա ջանքերով է հիմնադրվել «Անձնվեր ընկերությունը» Պոլսում, որի նպատակն էր կիրակնօրյա դասախոսություններ կազմակերպել պանդուխտների համար։ Հ. Պարոնյանը գրել է Ղազարոսյանի երգիծական դիմանկարը Ազգային ջոջերում։