Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարձրագույն ու գերագույն հարկ մ՛էր անոր ամուսնության միջոգին։ Ո՞վ գիտե, ամեն ենթադրություն ներելի էր, խոստովանեցավ ինքնիրեն թե առանց անգամ մը խոսեցուցած լինելու այս կինն, արդարացի չէր վերջնական կերպիվ դատապարտել զայն։ Այցելություն մը խոստացած էր. կրկին տեսության պետքն ու հույսն զգաց, սակայն չի կրցավ քնանալ այն գիշեր, խառն ի խուռն երագներ իր նիրհը վրդովեցին, իր ցնորքներուն մեջ պահ մը կը տեսներ Սեդրաք ցուրտ ու խոնավ վարձու սենեկի մեջ առկայծ կանթեղի մը լուսով աշխատող, պահ մը կը հիշեր զայն երբ իր պաշտոնատեղիեն կը վերադառնար առանց կարենալ հավատալու դեռ իր դժբախտության մեծությանը, կը տեսներ զայն դժգույն ու դողդոջուն երբ անոր սիրուհին իր նորապսակ ամուսնույն թևին հենած խրոխտ ու հպարտ անոր առջևեն կանցներ։

Շաբաթ մը տևեց իր այս անհանգիստ կացությունն, ի վերջո որոշեց այլևս չի մտածել այս մասին, ի՞նչ փույթ իրեն թե այս կինը բարի կամ չար արարած մէր. իր բարեկամը մեռած և այս կինն ամուսնացած էր. լավագույն էր մոռնալ այս աղեկտուր պատմությունն որ իր երիտասարդության տարիներուն հետ այնքան սերտ կապակցություն մունեցեր էր։ Իրեն չէր իյնար դատաստան ընել ու վճիռ տալ։

Բայց այս առաջադրությունը չի կրցավ գործադրվիլ. հարկ էր արդյոք իր բարեկամին կենացը մեջ խաղացած տխուր դերին վերագրել այս կնոջ հիշատակը մոռնալու անկարելիությունը, չէր գիտեր, բայց սա ճշմարիտ էր որ անոր հետ ունեցած տեսակցությունն անջնջելի կերպով արմատացած մնաց իր մտքին մեջ. անոր շարժմունքը, ձևը, խոսվածքը, ձայնն աչքին առջևն էին շարունակ. «Թերևս դուք ալ անգութ լինելու սիրտը չունենաք ու կարեկցության արժանի դատեք թշվառուհին», ըսած էր Սուրբիկ իր անձին ակնարկություն մընելով։

Հիրավի թշվա՞ռ էր արդյոք. և ինչո՞ւ համար։ Բայց ինք ի՞նչ կը հետազոտեր անոր ընտանեկան կյանքն, ի՞նչ կը վերաբերեր իրեն, թշվառ կամ երջանիկ, անոր գիտնալիք բանն էր. ո՛չ սակայն, պետք էր իմանալ թե այդ հանցավոր կինը գոնե խղճի խայթ մը չուներ. այս հարցումները բոլորն ինքնիրենն