Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեդրաքն էր որ իր բարեկամության համարը կը պահանջեր իրմե։ Ո՛չ, փրկության ճամփա մը չի կար, և անգութ դատավորի մը պես ինքն ամենեն ծանր պատիժը տնօրինեց իր անձին։

Անձնասպանության գաղափարը պահ մը անխուսափելի, համառությամբ մը իր միտքը պաշարեր էր։ Տիգրան Ժան-Ժաք Ռուսոյի աշակերտ մէր և ապրելու քաջությունն ունեցավ. մեռնիլը վաղ կամ անագան միտքը գրած էր, հարկ չէր զայն փութացնել, որոշեց միայն այլևս չի հանդիպել այս կնոջ ու թե որ անկարելի էր անոր պատկերն իր հիշատակեն ջնջել, թե որ անհնար էր մոռնալ անոր ներդաշնակ ձայնը, լավ ուրեմն, ինքնիրեն միայն պիտի քաշեր անծանոթ ու մեկ սրտի մը մեջ միայն ամփոփված սիրո մը բոլոր դառնությունն և այլևս չպիտի տեսնար Սուրբիկը։

Անտարակույս տխուր ու գովելի քաջություն մ՛էր այս հաստատ որոշումն որ միայն կրնար համաձայնիլ խստապահանջ պարտականության մը ձայնին։

Տիգրան Սուրբիկի բնակած գյուղին մեջ բայց հեռավոր արվարձանի մը մեջ կը բնակեր։ Այս հեռավորությունը բավական չհամարեց. փողոցին մեջ, շրջագայության մեջ, այցելությանց մեջ կրնային իրարու հանդպիք ու Տիգրան փախստական ոճրագործի մը շտապավ հեռացավ այդ տեղերեն ու Պյոյոլք—Տերե գնաց բնակելու։

Բայց տարաբախտը չէր հաշված այն դժնդակ փորձին բոլոր ծանրությունն՝ որու դատապարտած էր իր կյանքը։ Սուրբիկը տեսնելու բոլոր հույս ու ակնկալություն վերջանալուն հետ ճանչցավ իր սիրույն ու տառապանքին մեծությունը։

Ամեն ինչ ի գործ դրավ մոռնալու համար եթե ոչ իր սերը, գոնե իր անձը. նոր եռանդով մընդգրկեց իր մրրկալից ասպարեզը, բայց զզվանք ու տաղտկություն գտավ հոն ուր ատեն մը ամենեն մաքուր գոհունակությունը կը գտներ. աննպատակ երևցավ կյանքն ու մաքառելե ձանձրացավ։ Մի քանի տարվան մեջ բավական հարստություն մը ձեռք բերեր էր, որոշեց գործե քաշվիլ և ա՛լ զայն խիստ քիչ անգամ տեսան դատավարությանց մեջ։