Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ծովու փոթորկյալ ալիքն, մյուս կողմեն Ասիական եզերքն իր գալարյալ բուրաստաններով, Պեյքոզեն մինչև Քանտիլլի, ահա անոր հազվագյուտ ու աննման տեսարանը։

Ամառվան սկիզբները շարժում մը տեսնվեցավ այս լռին ու լքյալ բնակության մեջ։ Նորոգություն մը կը կատարվեր հապճեպ ու փութաջան գործավորներով։ Մեկ երկու շաբթվան մեջ, պարտեզը խնամով շտկվեցավ, քյոշկը նորոգվեցավ, ներկվեվավ ու կահավորվեցավ։ Տիգրան՝ դրացի մը ունենալու հավանականությունը գրեթե ուրախությամբ տեսավ։ Երկու տարվան առանձնությունը զայն կերպարանափոխ՝ ըրեր էր։ Մշտատե տխրությունն ու անոքությունը կրնային ծանր հետևություններ ունենալ և Տիգրան առանց աղմկալից ընկերության մը մեյ նետվելու, իրեն պես առանձնասեր ծանոթի մը հետ տեսության պետքը կզգար։

Քանի մօր վերջը քյոշկին նոր տերերը փոխադրվեցան։ Տիգրան դեռ չէր տեսած զանոնք և գիշեր մը ճաշեն վերջը ծովուն վրա նայող սրահին մեջ բուսաբանության գիրք մը կը թղթատեր որ Հարավային Ամերիկայի ճոխ ու հարուստ բուսոք ու ծառոց վրա կը խոսեր, երբ իր ծեր սպասավորը նոր դրացիներուն այցելության եկած լինիլն իմացուց. Տիգրան դիմավորեց զանոնք։

Արամ էֆենտին, իր տիկինը, երկու փոքրիկ հրեշտակներ, ասոնք եղան Տիգրանի դիմավորած անձինքն։

Ո՛ւսկից, ի՞նչ կերպով և ի՛նչ դիպվածով Պյոյուք-Տերե ու իրեն այնքան մոտ եկեր էին։ Ամենամեծ հուզմանց մեջ անգամ երիտասարդն ինքնիրեն տերն էր. իր վրդովումն երկար չի տևեց ու կատարյալ ազնվությամբ իր հյուրերը մեծարեց։

Արամ էֆենտի միշտ միևնույն գորովալից ու մտերմասեր անձն էր. հոր մը խանդաղատանոք Տիգրանը տեսնելուն ու այնքան մոտ դրացի ունենալուն ուրախությունն հայտնեց։ Բայց ի՜նչ փոփոխություն իրեն վրա. երկու տարվան մեջ բոլորովին ծերացեր ու ինկեր էր. մազերը ճերմկցեր, ճակատք խորշոմեր ու տեսությունն և լսողությունը տկարացեր էին, միայն անոր հզոր միտքը մնացեր թերևս առաջվընե ավելի զորավոր։ Պաշտոնե հաներ էին զինքը. նախանձաբեկ հայ