Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պաշտոնյաներ՝ իրեն մեծ դիրքին հետամուտ՝ չէին վարաներ մուր քսելու անոր մաքուր ու անբիծ պաշտոնավարության վրա ու անխորհուրդ որոշում մը՝ առանց քննության՝ վտարեր էր զայն քաղաքական ասպարեզեն։

Արամ էֆենտի պաշտոնի համար հոգի տվող մարդ չէր բնավ. առանց բողոքելու, առանց գանգատելու, սակայն իր անմեղությունն անվիճելի կերպիվ հաստատելե վերջը, գրեթե գոհությամբ ձգեր էր իր պաշտոնն որո համար իր տկարությունն ու հիվանդոտ վիճակն արգելք էին։ Նախարարաց խորհուրդը շուտով համոզվեր էր անոր անմեղությանն և հարմար հանգստյան թոշակով մը վարձատրեր էր այս խելացի պաշտոնեին քսան տարվան ծառայությունը, մինչդեռ Փարիզի մեջ գտնվող մեծանուն հայազգի հարուստ մը, վաղեմի բարեկամ մը՝ որուն կը վերաբերեր այս քյոշկե, անոր տրամադրության ներքև դրած էր զայն։

Արամ էֆենտի անկեղծ հոգածությամբ Տիգրանի վիճակն հարցուց ու իր երկու փոքրիկ զավակները ներկայացուց որոնց մեծը գրեթե յոթը տարեկան կայտառ ու զվարթ մանչ մը և մյուսը չորս տարեկան փափուկ ու գեղանի մանկուհի մէր։ Սուրբիկ միայն անփոփոխ մնացած էր. ոչ սակայն, ծանրության քով մը կար անոր վրա. բայց իր հրաշալի գեղեցկությունն ավրված չէր. այն երևակայական կինն էր միշտ զոր երիտասարդն իր ցնորքներուն և երազներուն մեջ կը տեսներ ու կը պաշտեր, բուրում մը կար անոր վրա կարծես հրապույրի, հեշտության ու երջանկության որ իր շուրջը կը ծավալվեր, Սուրբիկի գտնված տեղն հմայիչ ու անբացատրելի մթնոլորտ մէր և անոր մոտն, այնքան մոտն ապրելու ստուգությունը Տիգրանն հիմարեցնելու չափ անհավատալի երջանկություն մ՛էր։

Սակայն Տիգրանի այս տպավորությունն՝ այն վրդովյալ հուզումը չէր որ զինքն ալեկոծեր էր այս կինն առաջին անգամ տեսնելուն։ Այս անգամ գոհունակության, անդորրության ոգի մէր որ իր մտածության մեջ կարթննար։ Վտանգալից ապագա մը չի տեսավ որ զինքը վախցներ, այլ հեզ ու հանդարտ տեսության մը վայելքն որ իրեն պիտի բավեր։ Այս գիտուն,