Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծերունի ու բարի ամուսինն, այս նորատի ու պեղանի կինն, այս երկու պաշտելի հրեշտակներն, այս ամեն ինչ ընտանեկան կենաց դրախտն էր անշուշտ և ինքն, այո՛, ինչո՞ւ չըլլար, մտերիմ, անձնվեր ու առաքինի բարեկամ մը պիտի լիներ հոն. որդվո մը պես կը սիրեր ու կը հարգեր այս ընտանյաց տերն եղբոր մը պես, միայն եղբոր մը պես, պիտի սիրեր անոր կինն։ Այն ատեն երևակայեց իր կյանքը՝ ցայնժամ դառնությամբ լցված՝ որ հանկարծ երանության հորիզոններով կը վերաբացվեր։

Վստահություն և ապահովություն զգաց իր անձին վրա ու այս տրամադրությամբ իր մտերմությունն ու գորովը կրցավ ցույց տալ այն ընտանյաց ուրկե մինչև այն օր խուսափած էր, անոր զավակներն անհուն համակրությամբ ընդունեց և փոքրիկ մանուկներն իրենց նոր բարեկամին կապվեցան այն անսխալ համոզմամբ որով տղայք անմիջապես կորոշեն զիրենք սիրողն ու չսիրողն։

Այսպեսով Տիգրանին կյանքը պատող մառախուղը փարատեցավ և զվարթության արևը նորեն փայլեցավ անոր խնդուն երեսին վրա։ Երիտասարդն ի բնե ուրախությունը սիրող էր, երջանկության հեռանկարն իր սիրտն անսահման բերկրությամբ լեցուց. բանի մը փափագող չէր այլևս ու գուցե աշխարհիս վրա միակ գոհ ու երջանիկ անձն էր։ Հավատքն ու համոզումն՝ աշխատության կարոտ չեն գոյանալու համար։ Տիգրան զգաց քան թե որոշեց այս բոլոր խորհուրդներն. ապագային տեսարանը մանրերկրորդի մը մեջ պարզեցավ իր աչքին առջև իր բոլոր պայծառ գույներովն ու իր ամբողջությամբ և Տիգրան աներկմիտ ու անկասկած հավատաց անոր։

Ի՞նչ է արդյոք մարդկային սրտին գաղտնիքը, ժամերով, շաբաթներով, ամիսներով քննած ու անթափանց համարած ստվերները մեկ վայրկենի մեջ անհետացան ու Տիգրան զարմացավ որ այս գեղանկար երկինքը չէր նշմարած մինչև այն ժամը։

Առջի տեսութենեն՝ մտերմությունը կատարյալ եղավ ու խոսակցությունը՝ զոր Տիգրան այնքան քաջ գիտեր ախորժելի