Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դարձնեք, մինչև գիշերվան վեց երկարեցավ. բաժնվեցան ամեն որ տեսնվելու խոստմամբ։

Տիգրան մինակ մնաց, ի՜նչ զարմանալի ու անակնկալ դիպված.— ո՜ւսկից ո՜ւր ճակատագիրն առաջնորդեր էր այս կինը զոր չի տեսնելու համար ամեն ինչ ի գործ գրեր էր. բայց նախախնամության կամքն իր կամքեն վեր էր հարկավ։ Երկու տարվան մոտ ժամանակ մանցանելը մեծապես օգտած էր իր տենդահույզ տագնապաց ամոքվելուն։

Տիգրան ինքզինքը քննեց ու առանց վարանման հայտարարեց թե բժշկված էր անդարմանելի կարծած հիվանդութենե մը։ Սուրբիկի տեսքր նոր կյանք ու կենդանություն տվեր էր անոր. նոր մարդ մէր որ աշխարհ կուգար առողջ ու ազատ, առանց նախորդին տկարությանը։

Ուստի անվախ ու անքույթ պիտի ապրեր այն կնոջ մոտ և հիմարական տենդեր չի պիտի կրնային գալ վրդովելու իր անդորը էությունը։

Այս երաշխավորությամբ հաստատվեցավ այն սերտ բարեկամությունն որ երկու դրացիները գրեթե միացուց։

Այս ընտանությունն սկսավ բարեբաստիկ գույներով. Արամ էֆենտի, քիչ մը հիվանդոտ ու տկար, մեծ բարվոքում մը գտած էր այս օդափոխությամբ. իր կինը միշտ ամուսնույն մոտ, անոր բոլոր հանգստության և իր որդվոց կրթության նվիրված, ու Տիգրան որ զվարթ ու խնդում երես այս առանձնասեր ընտանյաց ոգևորություն կուտար ու անոնց միօրինակ կենցաղավարության տրտմությունն ու ձանձրույթը կը փարատեր։

Օրական զբաղումնին գրեթե միևնույնն էր․ առավոտուն կանուխ, գրեթե արշալույսին հետ կելնեին, երբեմն Տիգրան էր որ այգուն այգուն քյոշկէն դուռը ձեռք կառնուր ու երբեմն իր դրացիներն՝ որ երիտասարդը կուգային արթնցնել ու անոր ծուլությունը մեղադրել, նախաճաշի ու ճաշի տեղերն որոշված էին անպատճառ առջի իրիկվրնե. մերթ անտառուտ ու ստվերամած մեկ կողմն էր իրենց պարտիզին մեջ ուսկից կը դիտեին արևուն ծագումն հանդարտ Վոսփորի ջրերուն վրա, մերթ Պեյքոզի մեկ եզերքն ամայի ու անխռով ծառի թփի մը տակ. ցերեկը՝ ճաշեն վերջն ընթերցանություն մը կընեին նոր հեղինակի