Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հիրավի երջանիկ էր Տիգրան։

Հորմեհետե ինքզինքը տեր կարծեր էր իր սրտին, պատճառ մը չէր գտած իր անձը մշտնջենական զրկման դատապարտելու. բավ էր որ անպատիվ խորհուրդ մը չանցներ իր մտքեն և ուրիշ արգելք չի կար զուրկ մնալու այս կնոջ երեսեն որ իրեն համար արեգակն էր փայլուն ու կենսատու։ Անոր շնչած օդը ջնջել, անոր պտըտած վայրերը տեսնել, անոր ձայնը լսել հեշտալուր, կարենալ առանց ոևէ անպատվության ամեն ժամ տեսնել զայն, խոսիլ անոր հետ, մեկ բառով պաշտել զայն իրապես երբ վերացական աշխարհի մը մեջ անգամ այսչափ երանության չէր հավատար, Տիգրանի՝ ուրիշ պահանջելու բան մը չէր մնար։ Ի՞նչպես սակայն իր խանդավառ սերն եղբայրական գորովանաց փոխակերպեր էր, ի՞նչպես կրցած էր գոհանալ պարզ մտերմության մը վայելքով, այս կնոջ անքննադատելի ծանրությո՞ւնն էր արդյոք, անոր լուրջ ու խոհուն վա՞րքն էր որ զինքն հեղափոխեր էր, թե ոչ այս տեսությունն իսկ մեծագույն շնորհն էր զոր՝ իր սիրույն չափազանցության մեջ՝ երիտասարդը շատ և շատ իսկ դատած էր իրեն համար։ Ինչ որ ալ ըլլար չի ջանաց ծածկել իր համակրությունն որ արդեն իր ամեն խոսվածքին ու վարմունքին մեջ երևան կելներ։ Տարօրինակ ազդեցություն մ՛էր այս կնոջ իշխանությունն երիտասարդին վրա. երբ որ խոսեր իրեն, ներդաշնակ նվագ մ՛էր արուն դադրելեն վերջն անգամ երիտասարդր դեռ կունկնդրեր երբ որ նայեր իրեն, փայփայիչ ու գգվալից ակնարկ մ՛էր որ իրեն կը հետևեր ու զինքը կը շրջապատեր էլեկտրական հոսանքով մը։

Խոստովանեցավ օր մը Սուրբիկին իր բոլոր տկարությունը․ — «Չեմ գիտեր, ըսավ անոր, ի՞նչ հմայություն ունիս վրադ, կզգամ որ քույրս քեզ չափ չպիտի սիրեի, անբացատրելի զգացում մ՛է զոր իզուր կը ջանամ հասկնալ. հոր մը չափ կը սիրեմ քու ամուսինդ, հավատա որ ուրախ եմ այնպիսի բարի ու սիրեցյալ անձի մը կենակիցն չինելուդ. թերևս իրարու չի հանդիպեինք բնավ թե որ Արամ էֆենտիի բարեկամը չլինեի ես»։

Այս անդորրության օրերու մեջ էր որ Արամ էֆենտի գլխի ծանր հիվանդութենե մը պառկեցավ. Սուրբիկ անձնվեր հոգածությամբ