Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անողոք ճշտությամբ մը. ո՞ւր էր այն ցնորական երջանկությունը զոր Սեդրաքին սիրույն մեջ կը վայելեր երբեմն, ո՞ւր էր այն հեշտության դրախտը զոր երիտասարդին ականջին կը խոստանար ու կը փսփսար։ Ուխտադրուժ ու խաբեբա քարուքանդ կործաներ ու փշրեր էր այն երանության հույսերն զորս իր ձեռքն էր իրականության վերածել, չարագուշակ հրեշտակի մը պես մահ և ավերում սփռեր էր իր չորսդին, և սև հողերն հափշտակեր տարեր էին այն մեկ հատիկ սիրեցյալն որուն միայն խոստացած էր պատկանիլ։

Սուրբիկ չար հոգի մեկը չէր. ոչ ոք իր հանցանքին մեծությունը թերևս իրեն չափ կը ճանչնար. ոչ ոք ապաշխարելու ու ներողության արժանանալու հարկն իրեն չափ կը խոստովաներ։ Ամուսնական կյանքին մեջ իր պարտականությանը անթերի գործադրությամբն սփոփանք մը գտնել որոշեր էր, հավետ իր սրտին մեջ պաշտելով իր միակ սիրելվույն հիշատակը։

Տարիքի ահագին տարբերությունն, որ ի սկզբանե իր և ամուսնույն մեջ կը գտնվեր, զինքը զուրկ թողած էր երջանկության այն ամեն հույսերեն զոր երիտասարդուհին իրավունք ունի պահանջելու։ Հայրական խնամք ու հոգածություն գտեր էր շատ անգամ հոն՝ ուր հրդեհող և սպառող հեշտություն մը գտնել կը հուսար։ Քնքուշ ու հազվագյուտ ծաղկի մը պես ջերմոցի մը մեջ միայն պահվեր էր, մինչդեռ այնքան պետք ուներ ազատ օդին ու արևին ճառադայթներուն. չէր կրնար գանգատիլ սակայն իր ամուսնույն դեմ՝ որո բարի, առաքինի ու ներողամիտ բնությունն ամեն մեծարանաց արժանի կը կացուցաներ զինքը։

Անշուշտ գիտեր թե որքան անդարմանելի սխալ մը գործած էր ամուսին ընտրելով իրեն այնպիսի մեկն՝ որ հոր մը տարիքն ուներ իրեն քով և իր աչքը սևեռելով կը տեսներ իրեն տարեկից մանկության ընկերուհիներն որոնց ամեն մեկը հիմա իրեն պես երիտասարդ, առողջ ու զվարթ ամուսինով մը երջանիկ եղեր էր. անշուշտ իր ձեռքն էր օգուտ քաղել այն բոլոր թույլտվութենեն զոր իր ամուսինը կատարյալ վստահությամբ մը տվեր էր իրեն, շեղելու ու մոլորելու համար պատվո ու պարտականության