Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանցանքն անդարմանելի ու մշտատև կը ծանրանար իր վրա միայն։

Մարդկային արդարությունը չէր կրնար դատապարտել զինքն և իր տագնապյալ խղճին ձայնն էր միայն զոր կը լսեր որոշ ու բացարձակ։

Այն վայրկենեն, այս տարօրինակ մարդն որոշեր էր իր կնոջ վերադարձնել անոր ազատությունն և կերպով մը թեթևցնել եթե ոչ դարմանել իր գործած սխալը։

Արհամարհելով ընկերության բոլոր չարախոսություններն ու նախապաշարումներն, սփոփանք մը պիտի ունենար, եթե իր կինն առանց խոտորելու պատվո ճամփեն կարենար իրեն տարեկից ու առաքինի երիտասարդի մը բարեկամական գորովովը մոռնալ և իր երեսին չի զարնել զինքն հավիտենական թշվառության մը մատնած լինելու հանցանքը։

Անշուշտ Սուրբիկ և ոչ մեկ ժամանակ առիթ տված էր իր ամուսնույն դժգոհություն կամ հանդիմանություն մը կարդալու իր դեմքին վրա. բայց այս լռին համակերպությունը գանգատող ձայնե մ՛ ավելի ծանր եկած էր միշտ անոր սրտին։

Թե որ ամուսնաթողությունն ընդունելի լիներ մեր կրոնական օրենսդրության մեջ, Արամ էֆենտի բռնությամբ պիտի բաժնվեր իր կնոջմեն. ու քանի որ օրենքը կաշկանդող ու բռնադատող էր, իրեն կիյնար կարելիոլթյան ու պատշաճության սահմանին մեջ անտանելի չի դարձնել ամուսնական լուծը։

— Որի՞ կսպասես ամուսնանալու համար, կըսեր օր մը Տիգրանին. չըլլա որ երիտասարդությունդ անցունելե վերջն ինձ նման հիվանդ ու կարոտ օրերուդ օգնական մը փնտրելու համար միայն ամուսնանալու ելնես։ Տարիքն առնելեն վերջն երիտասարդուհվո մը հետ ամուսնացող մարդը կը նմանի ծովն ինկող անձի մը՝ ոտքեն կապված ծանր գնտակին որ իր երիտասարդ կինը միասին կը տանի թշվառության անդունդը։

Մինչև այն ատեն իր կնոջ և ոչ մեկ փափագին հակառակեր էր. Սուրբիկին ամենեն չնչին հաճույքն իբրև պարտականություն մը ի գործ դրած էր միշտ և ասկից վերջը միևնույն բարեսրտությունն ու թույլտվությունը տալու հարկը ճանչցավ։

Այս ձևով Տիգրան ավելի մեծ ազատություն մը վայելեց