Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամ ամուսնություն՝ միայն իր մեծության գաղափարներուն նպաստելուն համար գոյություն ունեցող բաներ էին։

Նորա կինը պետք էր նախ և առաջ դրամի տեր լինիլ, երկրորդ՝ սրահի մը մեջ խոսակցելու չափ կրթյալ մեկն ըլլալ. և Խոսրով այս միության մեջ անկե անդին չի նայեցավ։

Շիտակն ըսելով իր կինը կատարելապես հարմարեր էր այս տարօրինակ մարդուն. Եվգինե վառ ու խռովյալ երևակայության տեր, համառ ու արտակարգ աղջիկ մ՛էր։

Ճարտար դաշնակահար, լավ գծագրիչ, ինչպես որ կը տեսնվեր իր ներքնասենյակի պատերեն զորս իր մատիտին արտադրությամբը միայն զարդարեր էր, այս կինն ամեն բանե առաջ իր անկախության սիրահար մեկն էր։ Շարունակ ֆրանսական վեպեր կարդալով՝ անոր ըմբոստ բնավորությունը բոլորովին անզուսպ ու հիմարական բան մը դարձեր էր. թաքուն, անձայն ու անշշուկ սիրահարություն մը անոր զզվանք պիտի ազդեր, ընդհակառակն առևանգության, բռնության, սպանության կամ թունավորման վախերով լեցուն ու գայթակղալի հռչակ ունենալիք ամեն տրիփ անոր պիտի հաղթեր։

Անոր ազատության ու անկախության փափագը՝ բռնավոր տարփավորի մը գերին լինելու տենչանքն էր միայն և ոչ ուրիշ բան։ Այս կնոջ հետ հաշտ կենցաղի հույսն անկարելի էր. անոր կամ տերը կամ ստրուկը պետք էր լինիլ։

Իր արկածալից երիտասարդությունը միշտ չափազանց ներողության մը արժանացած էր հորը կողմ են որ անհավատալի տկարությամբ կը սիրեր այս աղջիկն։

Եվգինեի ամուսին լինելիք մարդը պարտ էր առաջուց աչքն առնել անոր լուծին տոկալը, գոնե անոր բացարձակ անկախությունը ճանչնալը. Խոսրով այս վիճակն անընդունելի չի նկատեց. շենք շնորհք Եվգինեի երեսն անգամ նայած չէր. կապո՞ւյտ աչվի էր թե սև աչվի, անոր մազերը խարտյա՞շ էին թե շագանակագույն, բերանը փո՞քր էր թե մեծ, շիտակր շատ աղեկ չէր գիտեր, խիստ լավ գիտեր սակայն որ իրեն տրվելիք օժիտը նշանտվության օրեն իր տրամադրության ներքև պիտի գտնվեր ու այս բավ էր անոր։