Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամուսնության առաջին ամիսները փոխադարձ ու գերազանց անտարբերությամբ հետևապես և անդորրությամբ անցավ, մինչև որ Խոսրով անգամ մը իր ամուսնական իշխանությունն ի փորձ դնել ուզեց։

Տիկնոջ երիտասարդ մեկ ազգականը՝ Խոսրովի տան սովորական և ամենօրյա այցելուներեն մեկը դարձեր էր. այս տղան վաճառականի մը քով գրագիր, որ իր շաբաթականն իր զգեստներուն միայն կը հատկացներ, բավական վայելչադեմ ու խարտիշահեր մեկն էր զոր չար լեզուները կը պնդեին թե եվգինեի վաղեմի ու արդի մեկ մտերիմը լիներ։ Այս լուրը շուտ հասեր էր Խոսրովի ականջը, բայց չէր ուզած անորոշ ու տարտամ կասկածի մը վրա իր դուռը փակել անոր դեմ, նամանավանդ ամուսնության առջի օրերը։ Տանը մեջ բնավ կարևորություն տված չէր անոր. առջի տեսաթևնեն մեկ երկու բառով հասկցեր էր որ, զգեստներու գլխեն ի զատ, այս անձն ոչխարի մը պես անմիտ ու վայրենիի մը չափ տգետ արարած մէր։ Այս տխմար էակն Եվգինեի պես կնոջ մը տարփավորը չէր կրնար ըլլալ։

Սակայն ի սկզբանե անվնաս նկատված այս արարածը քիչ քիչ Խոսրովի անտանելի թվեցավ. իր հակակրությունն այնչափ ավելցավ որչափ իր կինն այս աստիճանի ապուշի մը վրա տարօրինակ զորով ու սքանչացում կը հայտներ։

Խոսքի պզտի մենամարտով մը սկսավ այր ու կնոջ մեջ այս երիտասարդին վեճը։

Եվգինե անոր ճաշակն ու վայելչությունը կը գովեր։

— Կը զարմանամ, ըսավ անոր ամուսինն, այդ անհամ պարոնեն ախորժելուդ։

— Ինչո՞ւ ըլլա անհամ, միթե համով ըլլալու համար պետք է անպատճառ քաղաքական կամ ուսումնական նյութերու վրա ճառել ձեզի պես. մենք կանայքս՝ այդ տեսակ բաներե չենք հասկնաք, ամեն մարդ իր ճաշակն ունի։

— Այս խոսքը քու հմտությանդ հարմար չէ․ դու ուսյալ կին մես և շարունակ քուրջի վրա խոսիլը դատարկ գլուխ կանանց հատուկ է։