Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանի մ՛օր վերջը խոսքը նորեն բացվեցավ բայց այս անգամ ավելի կծու կերպով։

— Չեմ կարծեր որ հատկապես ինձ հակառակելու համար այդ անպիտան անձն հոս հաճախել կուտաս. անցյալ օրվան դիտողութենես ի վեր այդ պարոնն օրը երեք անգամ գալ սկսավ։

— Ամենևին, միայն կը խնդրեմ որ այդքան չնչին բանի մը համար խնդիր չի հանեք, որովհետև շատ կանուխ է դեռ, ավելցուց հեգնությամբ, վեց ամիս չեղավ ամուսնանալնիս և նախանձոտ Օթելլոյի դերը ծիծաղելի կըլլա։

Խոսրով բարկացավ բայց ինքզինքը զսպեց։

— Համբերությամբ մտիկ ընել պարտավոր եմ որովհետև քեզմե մեծ եմ. քեզ նկատմամբ մինչև հիմա ունեցած անտարբերությունս աննախանձ ըլլալս կը հաստատե, կը պահանջես միայն որ պատշաճությունը ճանչնաս, ըսավ ցուրտ կերպով ու դուրս ելավ սենյակեն։

Ի՞նչ տեսակ էին Եվգինեի հարաբերություններն այս երիտասարդին հետ որ Արմենակ կը կոչվեր, արդարությունն հարգելու համար պարտավոր ենք հայտնել որ անպատշաճ կապակցության ամեն զրույց բոլորովին անհիմն էր։

Եվգինե չէր սիրեր ու չէր կրնար սիրել այս տխմարը բայց տխմարությունն ալ իր հաճելի կողմն ուներ։

Արմենակ Եվգինեն կարենալ սիրելու մեծամտությունը չուներ բայց անոր հետ տեսնվիլն, հասարակաց տեղ մը անոր հետ միասին ժուռ գալն իրեն շատ էր ու քիչ չէր։

Մինչև իր էրկանը դիտողության պահուն, Եվգինե այլ տղուն հետ կզբոսնուր, անոր վրա կը ծիծաղեր, կը խնդար, բայց գեշ աչքով մը նայած չէր անոր. սակայն իր էրկանը ընդդիմությունն անոր ի բնե պատերազմասեր ոգին արթնցուց, նամանավանդ անոր խոսքին վերջին պարբերությունը խիստ վիրավորիչ դատեց. «Քեզ նկատմամբ ունեցած անտարբերությունս աննախանձ ըլլալս կը հաստատե» ըսեր էր. անտարբերություն... Եվգինե իր ամուսնույն համար ուրիշ զգացում ունեցած չէր. բայց ամուսինն իր մասին անտարբեր ըլլալու իրավունք չուներ և որոշեց այդ անտարբերությունը խորտակել։