Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժողովին ամեն նիստերուն ներկա, ներկա նախապատրաստական գումարումներու, ամեն վիճաբանությանը մասնակից, իր դիվանին մեջ տեղեկաբեր, հանգանակությանը մեջ կարգագիր մասնախմբի անդամ, Խոսրով Էֆենտին Ազգային ժողովո ամենեն գործունյա ու ազդեցիկ անդամներեն մեկը դարձավ։

Ամենքը միաբերան կը գովեին այս մարդն որ ազգին վնասելու կարողությամբն հանդերձ այնքան անձնվեր կը ծառայեր անոր։

Այս համբավը՝ զոր անաղարտ կը կարծեր, ստանալե հետը. սկսավ յուր շահատակություններն։ Իր ձայնն հետզհետե խրոխտ և հպարտ՝ հակառակ կարծյաց տեր երեսփոխաններն արհամարհանոք ու սպառնալյոք կը սաստեր։ Ո՞վ էին այն անպիտան մարդիկն որ կը համարձակեին ի՜րեն դեմ խոսիլ․ գիտեի՞ն որ կարող էր զիրենք մինչև հաքսոր մատնել։

Խոսրովի ծրագիրներն ի գործ դրվելու մոտ էին. միայն իր ընտանեկան կենաց խռովություններն աճեր ու բազմապատկեր էին երթալով։

Ինչպես ըսինք Եվգինե իր էրկանն անտարբերությանը հաղթելու համար անոր նախանձը շարժել որոշեր էր։ Ոչինչ այնքան անխախտելի է որքան կանացի որոշումն։ Այն վայրկենեն սկսելով Եվգինե չէր թերացեր, իր ամուսինը կատղեցնելու համար, ի գործ դնելու այն ամեն փոքրիկ կամ մեծ, անվնաս կամ վնասակար միջոցներն որ կանանց պատերազմի համբավը կր կազմեն։

Այն երիտասարդն ամեն օր հրավիրել, իր ոտքին քով նստեցնել, գլխի վայր փսփսալ անոր ականջն ի վայր, թևը մտնել շրջագայության համար ու կռթնիլ անոր թևին ամենուն ուշադրությունը հրավիրելու չափ ու երբ ասոնք անբավական դատվեցան, նամակագրություն մսկսիլ անվերջանալի, օրն իրիկուն տոմսակներու տարուբերին զբաղեցնել ծառաները, ծաղկանց փունջեր պատրաստել տաք, ղրկել և ընդունիլ ու վերջապես կղզին կամ Պյոյուք-Տերե կամ ուրիշ հեռու տեղեր ժամադրություններ կարդացրել, ահա Եվգինեի ռազմագիտական միջոցներն։

Խոսրովի՝ քիչ քիչ անհանդուրժելի երևցավ իր կնոջ ընթացքը։