Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կռիվներն անպակաս դառնալ սկսեր էին. բայց Եվպինե պատերազմն փախուստ տվող չէր, ընդհակառակն, արդեն քոնսոլիտեի մեջ մի քանի մեծ կորուստներ Խոսրովի բնավորությունը բոլորովին դառնացուցեր ու համբերության չափը լեցուցեր էին։ Տանն անկարգությունն ու անխնամությունն որ շռայլության ծայրագույն աստիճանի հասեր էր, իր կնոջ մասին ամեն մանրամասնություններով հեղհեղված ամոթալի պատմություններ, ընտանեկան հարկին կործանման ապահով նշաններն էին, Խոսրով թեև երբեք չէր սիրած, չէր ախորժած իր կնոջմեն, բայց քիչ մ՛ալ սպասեք որոշեց։

Դրամական կորուստներն ու ձախորդությունն որ քանի մամսե ի վեր զինքը կը հալածեին, պաշտոնի հառաջդիմությամբ փոխարինել որոշեց, իր ամսականը ներկա վիճակին մեջ անբավական դարձեր էր նույնիսկ իր կնոջ զարդարանացն ու պարտքը դիզվեր էր չորս դին. ամսականի ու պաշտոնի բարձրացումը փրկության միակ ճամփան էր. դեռ ոչ ոք գիտեր անոր նեղության մեջ գտնվիլն. ամենքը զինքը հարուստ ու ազդեցիկ դիտեին, ժամ էր աղեկ ու արտաքո կարգի վարպետությամբ մը վերստին հաստատեք իր կորսվելու մոտ եղող դիրքը. Խոսրով ազգային գործոց դարձուց իր հետաքնին ակնարկն։

Որ մեկին խոստմամբ, որ մեկին սպառնալյոք, որ մեկին համոզմամբ Խոսրով հաջողած էր արդեն կուսակցություն մը կազմել ժողովույն մեջ, որ իր գաղափարներն ի գլուխ պիտի հաներ։

Սահմանադրության վերաքննության վիճաբանությունը տեղի կունենար։ Խոսրով՝ պարզապես զայն ջնջելու համոզումը հայտնեց, իր կարծյոք, Քաղաքական ժողովը կը բավեր ամեն ինչ տնօրինելու. ի՞նչ պետք է այս վայրախոս երեսփոխանաց որոցմե օգուտ չի կար. տասնևվեց տարվան փորձը մեջ տեղն էր իր համոզումն հաստատելու։ Մյուս կողմե ազգային վարժարաններու պետք չի կար որք ավելորդ ծախք մը ու հոց մէին ազգին գլխուն։

Այն ատենվան մարդիկն հիմակվաններուն չափ անսիրտ ու անհոգի չէին։