Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նախ ապշությամբ մտիկ ըրին այս նոր վարդապետության ու հետո որոտալից ընդմիջում մը ատենաբանին խոսքը կտրեց.

— Մի մեղանչեք Սահմանադրության դեմ, կը պոռային ունկնդիրներն հազիվ զսպելով իրենց զայրույթը։

— Ի կարգ, ի կարգ, կը գոչեին երեսփոխաններն հետին կանգնած։

— Շարունակեցե՛ք, էֆենտի, կը պատասխանեին մյուս կողմե Խոսրովի կուսակիցները։

Խոսրով այս ընդհանուր խռովության մեջ չի տկարացավ այլ թևերը խաչաձև միացնելով իր կուրծքին վրա.

— Պիտի սպասեմ հոս որ Դիվանը գոնե խոսքի ազատոթյունն հարգեյ տա, ըսավ նա. չեմ կարծեր, ավելցուց սպառնալից ակնարկությամբ ունկնդիր ամբոխին, որ խուժանին հարձակմանը դեմ մեր անձերը պաշտպանելու համար կառավարության միջամտության դիմելու հարկադրենք զմեզ, ատենապետ էֆենտի։

Ատենապետին զանգակին ձայնն աղմուկին հետ կը շարունակվեր ու անլռելի կը դառնար։

Ամենեն կոշտ ածականներն, ամենեն ծանր խոսքերն իրարու դեմ կը փոխանակվեին։ Դիվանը շվարած իզուր լռություն կը պահանջեր։

Երեսփոխանները կզգային որ պատրաստված դավ մը կար, ամեն մարդ կացության ծանրությունը կըմբռներ, բայց ոչ ոք բացորոշ կերպով Խոսրովն ամբաստանելու կը համարձակեր, այնքան ծանոթ էր անոր վտանգավոր անձ մը լինելը։

Սահմանադրության հիմնադիրներեն ծերունի երեսփոխան մը խոսք պահանջեց ու պահ մը հաջոդեցավ ստանալ. ալեհեր բայց դեռ առույգ ու կայտառ բժիշկ մէր տոքթոր Բ. պեյ, որո այսքան հուզյալ ձայնը լսված չէր դեռ. նա այն անձերեն էր որոց միշտ պատկառանքով ունկնդրություն կը լիներ։ Իր երիտասարդության ատեն Սահմանադրությունը տվեր էր ազգին իրեն պես մի քանի երիտասարդաց հետ խորհելով ազգին ապագային. բեղմնավոր ու ազատական խորհուրդ մ՝էր զոր հղացեր ու գործադրեր էին. իր երկն էր ազգային օրենքն և զավկի