Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հորիզոնին վրա մեծ փոթորիկ մը պատրաստված էր որ տիկնոջ վերադարձին կսպասեր պայթելու համար, ժամը կեսն էր ու ոչ ոք երևան ելած էր. ո՞ւր գացեր, ո՞ւր մնացեր էր. Խոսրով իր կատաղությունն սպասավորներուն դեմ դարձուցեր էր, չգիտնալով որի՝ դեմ հագուրդ տալ իր բարկությանը։

Մեկին քառորդ մնալով, Եվգինե տուն դարձավ բաց կառքով մը. հայտնի էր թե զվարճութենե մը կը վերադառնար, կերևեր թե քիչ մը ոգելից ըմպելիք ալ խմած էր, որովհետև այտերը վարդագույն, աչերը կարմրած, զվարթ ու բարձրաձայն խոսելով խնդալով վար ցատկեց կառքեն։

Սև կորնատինե ճոխ ու գեղեցիկ շրջազգեստ մը հագած էր որ անոր գիրուկ ու բարեձև հասակն ու ուռուցիկ կուրծքը կը սեղմեր, մազերը սև, փայլուն ու երկայն, անգլիական ձևով ու վայելչությամբ հարդարված, հազիվհազ կամփոփվեին ատլասե ծոպերով զարդարված հարդե գլխարկի մը տակ՝ որո ձևն իտալացի ավազակներեն առնվելուն համար, պռիկան կը կոչվի։

Երեսը ներկած, դեմքը ճերմակ ու կարմիր, արտևանունքն ու հոնքերը սև, շրթունքը լայն ու հեշտավետ, ռունգերը դողդոջուն, աչքերը փայլուն, կուրծքն՝ աննման ու խոստմնալից՝ թափանցիկ տանթելներով ծածկված, որ իր գահավեժ ելևէջովը կը մատնվեր, ձեռնոցները մինչև ուսն երկարած ու ձեռքն հովանոցի տեղ մեծագին խարազան մը, ահա այս ձևով եվգինե իր ամուսնույն դեմն ելավ։

Խոսրով՝ առաջին անգամ ըլլալով՝ զարմացավ ու սքանչացավ այսքան վայելչության ու լրբության վրա։

Իր կինն էր այս գեղանի էակն որ զաշխարհ մոլորեցնելու կարող էր թվեր. Խոսրով ապշեցավ ու միանգամայն ներքին հպարտություն մը զգաց։

Ինչպե՞ս մինչև հիմա աչքին չէր զարկած այդ հրապուրիչ մարմինն, այդ պաշտելի կինն որ վեհերոտության օրենքներն անգիտանալուն համար թերևս այնքան գեղապանծ կերևեր։

Խոսրով հանկարծ վայրենի իղձ մը զգաց իր սրտին մեջ, հրաշեկ երկաթի մը այրվածքին նման, մոռցավ իր կացությունը, քայքայումն, այն օրվան պարտությունը, բարկությունը,