Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրեժն ու ամեն ինչ։ Հարմանակի երևույթ մէր ասի մարդկային տկարության, երբ մինչև այն վայրկյանը միայն մեծության, փառաց ու հարստության խորհուրդներով համակված այս մարդն՝ ո՛չ թե օտարուհվո մը հանդեպ, ո՛չ, այլ իր կնոջ համար, իր երկու տարվան կնոջ դեմը վավաշոտ ու հիմարական սերով մը կը տագնապեր։

Սպառնական շեշտ մը պատրաստեր էր, սակայն փայփայող ու ողողիչ ձայն մը միայն եկավ բերնեն։

— Ո՞ւր մնացիր մինչև հիմա։

— Ես ալ աղեկ մը չգիտեմ. ո՞ւր չմնացի որ. ցորեկվան ճաշեն վերջը ժամ մը միայն կորսնցուցի հարդարանացս համար. հետո տիկին Ա-ին հետ Մասլաք գացինք. անցյակ օրվընե որոշեր էինք, ո՞վ գտնանք հոն կը հավնիս. նախ և առաք մեծ մարդերեն, էֆենտիներեն սկսինք, քանի որ այնպես հաճելի է ձեզի։ Կարապետ և Երվանդ էֆենտիներն իրենց տիկիններով միասին, անկից վերջն, այն երիտասարդ պատկերահանն որ մեզի մեկ երկու անգամ եկավ, գիտես որ շատ պաշտելի տղա մ՛է այդ տղան, հետո մեր Արմենակն իր եղբորորդվույն հետ որ Փարիզեն նոր եկած է հոս արձակուրդի ամիսներն անցունելու համար, շատ զվարճախոս անձ մը. երգեցինք, պարեցինք ու զբոսնեցանք, նամանավանդ բավական գարեջուր խմեցինք և շիտակն ըսելով ինձմե զատ ամենքը գինովցան։

Եվգինե ինքզինքը դուրս ձգելու իրավունք չուներ, գլորեց քան թե պատմեց այս ամենը մեկ շունչով։

Խոսրով պարզապես հմայվեր մնացեր էր։

Կարելի՞ բան էր որ մինչև հիմա մեկուսացման մեջ թողած լիներ իր կինն ու ուրիշներ միայն ճանչցած ու պաշտած լինեին զայն. Խոսրով զգաց նախանձու որդն որ իր սիրտը կը կրծեր։

Այսչափ ատեն անփույթ ու անտարբեր, գրեթե թշնամացած մնալե հետո, հաշտության ու համակրության ճամփան խիստ դժվարին երևցավ. ի՞նչ ձևով պիտի սկսեր հայտնել անոր իր հանկարծական փոփոխությունը։

Ճաշի ատեն էր. Եվգինե զարմացավ որ այն իրիկունը նախատեսյալ կռիվը տեղի չունեցավ Խոսրովի կողմե, ընդհակառակն