Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրեթե համակրական ձև մը նշմարեց անոր վարմունքին մեջ. Խոսրով ճաշին վրա սովորականեն ավելի գինի խմեց ու իր կնոջ կատակներ ըրավ։ Եվգինե ասոր չէր սպասեր, հասկցավ որ գաղտնիք մը կար ու իր կանացի բնազդմամբ չուշացավ իր ամուսնույն հաշտության փափագը գուշակելու։

Ինչպես ամեն անձնապաշտ կին, Եվգինե խիստ մեծ գաղափար ուներ իր անձին վրա. վաղ կամ անագան կսպասեր իր ամուսինն իր ոտից տակ տեսնել, ուստի Խոսրովի ընթացքը մեծ հաճություն պատճառեց, բայց անոր փաղաքուշ խոսքերը գերազանց կերպով անհամ թվեցան իրեն։ Խոսրովի ոչ գգվանքին և ոչ անուշ լեզվին կարևորություն ընծայած էր երբեք, հետևապես անոր անձն՛ատուր լինելը տեսնելով իր ցուրտ ու հակառակորդ բնավորությունը մեկդի չի ձգեց։

Խոսրով, գինվո շոգիներեն մոլորած, իր կինն համբուրել ուզեց. Եվգինե խորին ու անդիմադրելի զզվանք մը զգաց այս մարդուն փայփայանքեն։

— Թո՛ղ զիս, կը խնդրեմ, ըսավ սառն կերպով, այդչափ մոտութենեն չեմ ախորժիր։

Ու իր սենյակն առանձնացավ ու դուռը փակեց։

Ցնորքներով, իղձերով ու խրատ՛ներով լեցուն գիշեր մ՛եղավ այն առաջին գիշերն հորում Խոսրով իր կնոջ մեն հեռու մնալուն բոլոր կարոտն ու բոլոր դառնությունն զգաց։

Մտածեց որ ամուսնական կյանքը կարի ծանրակշիռ հանգամանք մը կզգենուր իր հիմարական տենչանքին պատճառավ։

Ինչպես ըսինք, առանց Եվգինեի համակրող կամ համակրելի լինելն ստուգելու ամուսնացած էր հետն անոր ազատությունն հարգելու պայմանավ. առևտրական գործ մէր զոր կատարեր էր թիվերու ու շահու վրա հիմնելով իր ամուսնությունն առանց սերն ի հաշիվ առնելու, ու հիմա որ անզուսպ ու անբացատրելի կիրք մը զինքն իր կնոջ ոտքը կը ձգեր, կը խորհեր, մեծ մտատանջությամբ, թե ի՞նչ տեսակ ընդունելություն մը պիտի գտներ հոն։

Եվգինեի բնավորության նայելով, այդ ընդունելությունը քաջալերիչ լինելե խիստ հեռի կը թվեր։