Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անցան մի քանի օրեր, հաղթական կինն իր զբոսալից ընթացքը փոխելու կողմը չէր բնավ. Խոսրովի բոլոր ներողամտությունն ու բոլոր մտերմության փորձերն ի դերև ելան։

Եվգինե կարծես զինքը ծայրահեղ միջոցներու դիմել տալու առիթ կորոներ։

Խոսրովի քաղցրության ու համակրության վերջին ջանքերը կատարելեն կես ժամ վերքն էր որ նորա կինը տիկնոք մը հետ ժամադրություն մը պատճառ բռնելով դարձյալ մեկնելու կը պատրաստվեր։

Ամուսինն զգաց բարկության կրակն որ իր գլուխն ու միտքը կը հեղաշրջեր։

— Դուրս չպիտի՛ ելնես, գոչեց նա կիրքեն ու զայրույթեն կուրցած, երբ որ տեսավ որ Եվգինե դուրս ելնելու վրա էր։

— Ձեր կալանավորը չեմ կարծեմ ու դուք բանտապահ մը չեք։

— Ամուսինդ եմ ու ի՛նձ պիտի հնազանդիս։

Երիտասարդ կինն այս ձևերուն վարժված չէր. ինքն ալ զայրանալ սկսավ։

— Հնազանդությո՜ւն, ըսավ նա, հա՜, հա՜, շիտակը զիս խնդացնել սկսար, ես ո՛չ քոը աղախինդ և ո՛չ ալ սպասավորդ եմ, քու ծառաներուդ հետ վարվե այդպես։

— Չպիտի՛ ելնես դուրս, կը հասկնա՞ս, գոչեց էրիկն ինքնիրմեն բոլորովին դուրս ելած ու բռնությամբ քաշելով կնոջը թևեն։

Եվգինե դեղնեցավ։

— Դուն ա՛լ չափն անցուցիր, այստեղ Խարբերդի լեռը չէ, ինծի նայե՛, ըսավ անոր, քու հայրենակիցներեդ շատերը մեր տունն իբրև սպասավոր պահած ենք, դուն ալ կրթությամբ անոնցմե տարբերություն չունիս եղեր, վրաս ձեռք վերցնել, ալ ամեն ինչ վերջացավ, հիմա հորս տունը պիտի երթամ. շո՛ւտ, շուտ կառք մը բեր, Հակո՛բ, պոռաց սպասավորին՝ որ էրիկ կնոջ մեջ տեղի ունեցած կռիվն հասկնալու համար դրան մոտ եկեր էր։

Կռիվը ծանր կերպարանք մ՝ստացավ. Խոսրով իր կիրքեն շփոթած իր կնոջ վրա իշխանություն ունենալ կարծեր էր. անոր