Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատասխանն իր դիրքին ինչ լինելն հասկցուց. Եվգինեի պատասխանը պաղ ջուրի տուշի մը պես անոր խելքը գլուխը բերավ. արդարև անկե հնազանդություն չէր կրնար պահանջել. իրենց ամուսնության առաջին պայմանն էր այդ. հորը տունը վերադառնալու սպառնալիքը մանավանդ զինքն ահաբեկեց. անկից զատվիլն ուրիշներու, բացարձակապես ուրիշներու հանձնել էր զայն։

Խոսրով կացությունն ըմբռնեց. ինքն ամուսնական իրավունք ու իշխանություն չէր ունեցած բնավ ու հիմա որ իր կնոջ օժիտն սպառեր լմնցուցեր էր, հիմա որ նեղությունն հասնելու մոտ էր, կնոջմեն բաժանումն աշխարհ իր վրա ծիծաղեցնելու միայն պիտի ծառայեր։

Այս գործնական ու դրական մարդն ամենեն մեծ վրդովմանց մեջ անգամ իր հաշիվը չէր մոռնար։

Հետևապես սպառնալյաց ճամփան թողաց աղաչանաց թելը ձեռք առնլու համար, ո՛չ ոք Խոսրովին չափ հաջողակ էր նվաստանալու արվեստին մեջ։ Պահ մ՛առաջ խրոխտ ու բիրտ լեզու գործածող այս մարդը չի վարանեցավ իր դեմքը փոխելու, աղաչելու, ու հեծկլտյալ ձայնով, աչերն արտասվալից, իր կնոջ ոտքն ինկած, ներումն ուզելու անկից։

— Գիտեմ, կը մրմնջեր նա հեկեկանոք, խառնվելու իրավունք չունիմ քեզի, Եվգինե, դուն քու տերդ ես. մի՛ մեղադրեր զիս. միշտ կը լքանես էրիկդ ու ուրիշներու հետ կը զվարճանաս, անպատիվ բան մը չես ըներ բնավ, ադոր տարակույս չունիմ, բայց ես ալ ամուսինդ եմ ու քեզ կը սիրեմ...։

Եվ արդարև կը սիրեր հիմա կատաղի ու մոլեգին սիրով...։ Ու այս աղերսարկու եղանակին վրա շարունակեց։ Իր հեշտամոլ ու վայրենի իղձերը՝ կնոջը մոտ ըրած թախանձանոք ավելցան ու զայրացան, և այս հուզմունքով իր պերճախոսությունը կարծես թե համոզիչ դարձավ. Եվգինեի քով ծնրադրեր, անոր ձեռքերը կը բռներ ու կը համբուրեր, կը հոտոտեր, կը դզվեր, մանկամարդ կինը չէր պատասխաներ, այս աստիճանի անզուսպ կիրք մ՝ազդած լինելն անոր անձնասիրությունը կը գգվեր։

Եվգինե գոռոզացավ ու սարսափեցավ միանգամայն։ Այս