Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քիչ մը քան կրնար վրա առնուլ անկից։ Հարկ է խոստովանիլ որ Եվգինեի այս տրամաբանությունը կատարելապես ուղիղ էր։

Մյուս կողմե Մարեմյան այն վարպետորդիներեն էր որք խառնագնաց ու անառակությամբ բեղմնավոր անցյալի մը պարգևած փորձառության շնորհիվ, մեկ նայվածքով պաշտելի կին մը՝ պարկեշտ կնոջմե մը կը զանազանեն։ Եվգինե՝ անտարակույս՝ նետվելու որս մը չէր։

Երկու կողմն՝ այսպես պատրաստված՝ շուտով զիրար հասկցեր էին, Մարեմյան չէր ուշացեր Եվգինեի մյուս տարփավորներն ի բաց վանելու, ու ինչպես ամեն հաղթանակի իրավունքն է՝ պատերազմի դաշտն իրեն մնացեր էր միայն։

Ահա այս եղանակավ Եվգինե իր բացակայությունները վերջացուցած էր. սակայն կամաց կամաց հիմար ու անբացատրելի տկարությամբ մը կապված էր իր նոր տարփավորին, այս խրոխտ ու ամբարտավան կինն՝ որ իր հոմանյաց հետ իր էրիկեն լավագույն կերպով չէր վարվեր մինչև այն ատեն Մարեմլանի քովը կատվի մը պես գգվալից ու համբերող դարձած էր։

Այս նոր կապակցությունն երկար չտևեց ամեն կողմ իմացվելու համար. Խոսրով լռելյայն ընդունած էր այս ծանր կացությունը. Մարեմյանի, Եվգինեի ու իր մեջ որոշված ու ճանչցված տեսակ մը ամոթալի դաշնագրություն մէր որ երեք կողմերն հավասարապես գոհ պիտի ըներ։

Քիչ մատեն վերքն էր որ ի լրումն դժբախտության Խոսրովի պաշտոնը խնայողության համար կը ջնջվեր, և նոր պաշտոնի մը կոչվելու հույսեն ի զատ բան մը չէր մնար նմա։

Սակայն իր տան դրությունը փոփոխություն չի կրեց, հասարակությունը զարմացավ ու ցավեցավ որ այս պաշտոնանկ մարդն իր առջի ճոխ ու բազմածախ ընթացքը կը պահեր, Փայլուն դիրքի հասնող մարդը միշտ ամենուն նախանձը կը շարժե իր շուրջն, ու ամեն անկում գոհացում մ՛է զոր բախտն այդ չար հոգիներուն կը նետե։

Իր տան մեջ միայն Խոսրովի կացությունն ստորնացեր էր. նա՝ ծախուց տնօրեն մէր ավելի քան թե այն տան մեծը։

Չի կա վիճակ մը որո մարդ չի կարենա սովորիլ ու հանդուրժել։