Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարեմյանի շնորհիվ ու ստակով պահվող այդ տան մեջ Խոսրովի վիճակն անտանելի էր անտարակույս արժանապատվության զգացումն ունեցող մարդու մը համար։

Շաբաթին այն գիշերներն հորում Մարեմյան սովոր էր Խոսրովի տունն անցունել, այս տանտեր—այցելուին ամեն հաճույքներեն և ոչ մին կրնար մոռցվիլ. սպասավորներն ամենեն լավ կը ճանչնային այս ազնվական հյուրին մեծ նշանակությունը։

Մարեմյան՝ իր քաղաքավար ձևերուն տակ՝ բիրտ ու լիրբ բնավորություն մը կը ծածկեր. Եվգինեեն ամեն գոհացում ստանալե հետո երևան ելավ անոր անհանդուրժելի վարմունքն որում չէր սպասվեր բնավ։ Բարկության մը միջոցին, Մարեմյան՝ «Կորսվեք ա՛նպիտան» պոռացեր էր անոր երեսին։

Խեղճ կինը գիշերը մինչև լույս արտասվեց, առավոտուն Մարեմյան տեսավ անոր կարմրած աչքերը, բայց բառ մանգամ չզիջավ արտասանել իր առջի իրիկվան կոպտությունն արդարացնելու համար և հետևյալ իրիկունն ալ իր սովորության հակառակ տուն չեկավ։

Խոսրով այս անհամաձայնության վրայոք պզտիկ հով մը առեր էր քովի սենյակեն լսելով անոնց բարձրաձայն վեճն ու կռիվը։

Մարեմյանի չի գալն իր կասկածը հաստատեց, այս մարդուն հետ ավրվելու ատենը չէր բնավ ու անուղղակի կերպով Եվգինեն ստիպեց նամակ գրելու ու հաշտվելու անոր հետ։

Երիտասարդ կնոջ խրոխտ բնավորությունը քիչ մատեն դիմադրեց այս նվաստության փորձին, ո՛չ ոք մինչև ցայն վայր, ամուսին կամ տարփավոր, անտես ըրած էր իրեն դեմ այդ աստիճան կրթության պայմանները, բայց վախցավ որ Մարեմյան անձնասիրությունը վիրավորած նկատե եթե հաշտության առաջին խոսքն ինք չի բանա, ինքնիրեն ըսավ թե իբրև կին՝ իրեն կիյնար ինչ որ այ ըլլար իրավունքն, առաջին դիմումը կատարելու և ինքնիրեն արդարացում մալ գտնել աշխատ եղավ անոր կոպիտ վարմունքին համար, թերևս անոր բարկացած, խիստ բարկացած մեկ վայրկենին հանդիպած էր, ինչո՜ւ մինչև այն օրն այս կերպ ընթացք մը չէր ունեցած, էրիկ