Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդիկ շատ անgամ իրենց գործի մեջ ունեցած զայրույթը տան մեջ հրեան կը հանեն, ու ասոնց պես հազար ու մեկ պատճառ որոնեց կամ գտավ Մարեմյանի նամակ գրելու համար։

Մարեմյան հաշտվեցավ. բայց նոր կռիվներ չուշացան ու այս անգամ ավելի հեռու գացին. Եվգինե նշմարեր էր որ Մարեմյան՝ իր հույն սպասուհվույն պետք եղած են ավելի ուշադրություն դարձուցած էր. ճամփա տալ ուզեր էր ու Մարեմյան բացեիրաց դեմ էր կեցեր։

Օր մը կռիվն այն աստիճան հասավ որ Մարեմյան ձեռք վերցուց Եվգինեին վրա և այս հիմար կինը չի կրցավ ինքզինքը պաշտպաննլ։ Ուրիշներու դեմ խրոխտ ու հանդուգն եղող այս կինն իր նոր տարփավորին դեմ արտասվելն ու աղաչելե ուրիշ բան չուներ և իր սերը՝ տեսած կոպտություններեն նվազելու փոխարեն կավելնար։ Մարեմյանն իր ձեռքեն հափշտակել կուզեին ուրիշ կիներ։ Ո՛չ, թույլ չպիտի տար։ Իր տարփավորն՝ հագեցած ու ձանձրացած՝ ցրտություն կը ցուցներ, ուստի չէր կարող իր սիրույն հենլով բան մը պահանջել անկից և անոր գթությանը միայն կրնար ապաստանիլ։ Ինչո՞ւ չէր կրնար Եվգինե զատվիլ այս մարդեն։ Դրամի խնդիրն իր աչքին կարևոր չէր բնավ, բայց իրեն ամոթ պիտի համարեր թե որ իր տարփավորն՝ որով այնքան պարծենցեր էր, զինքը չքանելով ուրիշներու հետ ապրեր բացեի բաց։ Հետևաբար ստիպված էր անոր կամքին համակերպիլ սպասելով որ հարմար առթիվ ձեռք բերե վերստին իր կորուսյալ ազդեցությունը։

Իր հույն սպասուհին սակայն տեսած քաջալերությամբը տանը մեջ ոսոխուհի մը դարձեր էր. Եվգինե չէր կարող բան մը հրամայել անոր. քանիցս նա բացարձակ կերպիվ դեմ գրեր ու պոռացեր էր իր տիրուհվույն երեսին սպառնալով անմիջապես մեկնիլ. Եվգինեի ուզածն էր այս բայց կը վախնար որ հետևյալ օրը Մարեմյան զինք պատասխանատու պիտի բռներ այդ աղախնույն հեռացմանը համար, հետևապես հարկ էր լռել ու չի լսելու զարնել անոր հոխորտանքը։ Նա քիչ քիչ ամեն ծառայություն վերջացուցած էր ու միայն Մարեմյան եկած ատեն կերևար ու անոր կը սպասավորեր, իսկ անոր հոն չեղած ատենը իր զարդարանքը միայն կուտար տան տիրուհվո պես։