Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ավելին գիտնալու հարկ չի կար այս մարդուն. Տիգրանին բարեկամուհվույն ետևեն իյնալու համար անմիջապես անոր հետ տեսնվելու միջոցները փնտրեց բայց չի հաջոդեցավ. իր ծանոթ ընտանիքներեն հազիվ մի քանիին հետ Սուրբիկ գլխի բարև մը կը փոխանակեր, իսկ անոր այցելությունները չի կալի պես բան մէին։ Մարեմյան այս կողմեն հուսակտուր՝ Սուրբիկի ամեն տեղ հետևելու ճամփան ձեռք առած էր, այնչափ որ իր պահանջող ու ամբարտավան նայվածքը նորատի կնոջ ուշադրությունը գրավել ու զինքն անհանգիստ ընել սկսավ։

Մարեմյան սխալած չէր Տիգրանի վրայոք ունեցած կարծյացը մեջ։ Տիգրան՝ անշուշտ կը սիրեր, խանդակաթ համակրությամբ կը պաշտեր Սուրբիկը, բայց դեռ սիրո բառ մը արտասանած չէր անոր երեսին։

Անցյալ օրերը, անոր ամուսնույն վիճակը, Սուրբիկի անպաշտպան կացությանն և այս տեսակ հազար նկատումներ՝ որք Մարեմյանի պես մարդոց համար կին մը նվաճելու նույնչափ պատճառներ են, Տիգրանի աչքին այնքան բացարձակ արգելքներ էին. իր սրտին խորը պատկեր մը կար զոր կը պաշտեր, ու այդ պատկերը թերևս Սուրբիկինն էր. բայց իր վարմունքն եղբայրական գորովո սահմանը չպիտի անցներ։

Սուրբիկ իր պաշտպանության հանձնված էր և Տիգրան որ քաջ գիտեր թե որքան մեծ է կանացի տկարությունը, նախանձոտ եղբոր մը պես կը հսկեր անոր վրա։

Գյուղ տեղվանքը իրարու ծանոթ եղողները շուտով կը տեսնըվին, Խոսրով Արամ էֆենտին ու Տիգրանը կը ճանչնար և կյուրակե առավոտ մը, եկեղեցիեն վերադարձին այցելություն մը տվավ քյոշկը։

Տիգրան հոն էր։

Երկու տարիեն ավելի էր որ այս երկու հին դասընկերները զիրար տեսած չէին։ Պաշտոնի մեջ Խոսրովի հպարտությունը Տիգրանը բոլորովին իրմե հեռացուցած էր. բայց անոր անկումը, նեղությունը զորս երիտասարդ փաստաբանը բանիցս առիթ ունեցած էր իմանալու, իր բարկությունը մոռցնել տված էին։ Դպրոցական այս միակ ընկերը մնացեր էր պատանության տարիներեն. և Տիգրան զայն տեսնելուն չի կրցավ իր հուզմունքն