Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարահանդեսի գիշերն է։

Արտակարգ ոգևորություն կա Պյոյուք-Տերեի ափունքը։ Պարտեզն անհամար ջահերով ու լույսերով կը փայլի ընդարձակ ամփիթատրոնի մը նման, բազմությունն ամեն կողմե հետզհետե կը հասնի ու երաժշտությունն իր եռանդուն ձայնը կը լսեցնե։ Մեկ նայվածքով կրնաս հոն նշմարել ամենեն բարձրադիր հայերն իրենց ընտանյաց հետ միասին. պարի վայրն ամեն կողմ լեցուն է։

Ծառի մը տակ երիտասարդ մը ու մանկամարդ կին մը կը խոսակցին։

— Տիկին, կըսե երիտասարդը ձեռքերն աղաչավոր դիրքով մը միացուցած, գիտեք որ շատոնց ի վեր կարոտ ու զուրկ թողուցիք զիս ձեր տեսութենեն. ափսո՜ս, առջի օրվընե գուշակեցի իմ բախտս, բայց չի կրցա մեկդի ընել զայն. տարիե մը ի վեր հոս, հոս միայն հանդիպեցա ձեզի։

— Թողեք զիս, կաղաչեմ, կը պատասխաներ կինն, այս տեղ առանձին մնալնիս վայելուչ չէ, ամուսինս կրնա գալ.․․։

— Ատեն մը այդպես չէիր խոսեր ինձ հետ, Եվգինե՛, կը կրկներ երիտասարդն, ամուսի՞նդ չէ թե ուրիշ մը։

— Արմենա՛կ, գոչեց կինը բարկությամբ։

— Թող չեմ տար զքեզ այս գիշեր, կուզե Վառեմյան գա, կուզե Մարեմյան։ Իմ իրավունքս ավեքի հին է։

— Ամուսնույս քովը տար զիս, ապա թե ոչ քաշվե։

— Ես այդ տեսակ բան չեմ գիտեր, ու այս ըսելով երիտասարդը նորատի կինը ղրկելու ու համբուրելու կաշխատեր։

Եվգինեի համբերությունն սպառեցավ։

— Անդին գնա, հիմա պիտի պոռամ։

— Համբույրով մը բերանդ կը գոցեմ։

Կինը ճիչ մարձակեց։

Երիտասարդ մը, որ այն կողմեն կանցներ, մոտեցավ. Արմենակ մեկդի քաշվեցավ, մինչդեռ կինը շվարած ու զայրացած գոչեց.

— Ազատեցե՛ք զիս սա անպիտանին ձեռքեն։

Տիգրանն էր մոտեցողը, տեսավ ու ըմբռնեց տեղի ունեցած տեսարանն։