Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ուրիշ տեղ մը տարբեր կերպով պիտի վարվեի ձեզ հետ, հոս զձեզ վռնտել տալով պիտի բավականանամ։

Եվ այն միջոցին անցնող հյուրամեծարի մը միջոցավ դուրս ընել տվավ և Եվգինեն թևն առնելով պարի դաշտը դարձավ։

Մազուրքա մը կը զարնվեր. աչքով Սուրբիկը փնտրեց, տեսավ որ Խոսրովի հետ էր։ Ինքն ալ Եվգինեի հետ քիչ մը պարել ուզեց։

Ոչ ոք Եվգինեի չափ քաջ պարող էր. Տիգրանի թևին վրա քան մը չի կար ծանրացող, այլ իր երեսին հեշտավետ բուրում մը ու իր քովն զմայլիչ հյուր մը որ պարողներու հորձանքին մեջեն իրեն հետ կը սրանար։

Տիգրան բնավ այնքան հաճույք զգացած չէր. շրջան մը միայն ընել ուզեր էր ու այն ատեն միայն կեցավ երբ երաժշտությունը դադրեցավ. անկից վերջը քատրիլ ու հետո վալս մը պիտի լիներ ու այս վալսին համար խոսք տվին իրարու և պյուֆեն ուղևորեցան։

Սուրբիկ հոն էր Խոսրովի թևը մտած։

Տիգրան անշուշտ իրավամբ խորհեր էր թե չարախոս բազմության մը մեջ, ուր արդեն տեսակ տեսակ տարաձայնություններ կը դառնային իր մասին, որքան ալ մաքուր ու անկեղծ լիներ իր սիրտը, պատշաճագույն էր որ Արամ էֆենտիի կինը մինչև վերջն իրեն հետ ի միասին չի տեսնվեր ու տեղի չի տար նորանոր բամբասանաց։

Ինչե՜ր չէին ըսեր մինչև այն ժամանակ. Տիգրան Սուրբիկի սիրահարն էր. ո՜վ կը տարակուսեր ադոր. և ահա նորատի կինն, որ իր հիվանդ ու ծերունի ամուսինը լքանելով վարձկան ձեռքերու, ինք կոպար զբոսանաց վայրերն իր տարփավորին հետ զվարճանալու։ Այս զրպարտությունները պիտի լինեին հետևյալ օրն ամեն կողմ տարածվելիք արձագանքն ու Տիգրան մեծապես իրավունք ուներ իր զգուշավոր ընթացքին մեջ։

Սուրբիկ միայն Տիգրանի իր մոտը չի գալուն այս բացատրությունը չի տվավ. լավագույն բացատրությունն անոր թևի գեղանի ու շնորհալի կինն էր և ուրիշ պատճառ փնտրելու հարկ չի տեսավ։

Դպրոցեն փախչող տղա մը պես այն իրիկուն Սուրբիկ անպատում