Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերկրություն ու խնդում զգացեր էր պարահանդես գալուն։ Ո՜րքան ատենե ի վեր զուրկ էր մնացեր այս տեսակ հաճույքներն, ու ասպետական դղյակի մը տիրուհվույն պես առանձին ու մարդե հեռու ապրեր էր իր քյոշկին մեջ։

Պահ մը մոռցավ իր կենաց մառախլապատ հորիզոնն ու ընտանեկան հարկին հոգն ու մտմտուքը պարահանդեսին շողշողուն փայլին առջև։

Քաշված ապրելով, իր ծանոթները գրեթե մոռցեր էր. բայց Տիգրանի ընկերությունը կը բավեր անոր. Սուրբիկ պարելը կը սիրեր, նամանավանդ վալսն որ տեսակ մը թաքուն ու անբացատրելի ախորժ ուներ իրեն համար։

Ո՜րչափ մեծ եղավ իր զարմանքն, երբ պարահանդես մտած չի մտած, Տիգրան իրմե բաժնվեցավ մեկ մալ իր քովը չի գալու համար։ Ո՜վ էր այդ Եվգինեն ուսկից երիտասարդը չէր կրնար զատվիչ. մազուրքայի ատեն նշմարել կարծեց թե Տիգրան խիստ մոտեն կը գրկեր իր վայելչագեղ ընկերուհին։

Սուրբիկ նեղացավ, ինքն ալ աղեկ մը չէր գիտեր ինչ պատճառավ, մինչև այն ժամ երիտասարդն ոևէ սիրային խոստովանություն մ՛ըրած չէր իրեն, թերևս ինքը նշմարել կարծեր էր անոր ներքին համակրությունն ու կերևեր թե բոլորովին սխալած էր այս ենթադրության մեջ։

Սուրբիկ միշտ նույն դյուրագրգիռ կինն էր։ Այն գիշեր խմած մեկ երկու քոնյաքն անոր գլխին զարնելու մոտ էր, երբ Տիգրան մոտեցավ և Եվգինեն Խոսրովին հանձնեց անոր վալսի խոստումն հիշեցնելով։

Սուրբիկ փոթորիկ մը զգաց իր սրտին մեջ այս խոստումը լսելով, ի՜նչ, այդքան չի կարենալ բաժնվելու չափ ախորժելի մե՜կն էր այդ մանկամարդ կինն և մեկ նայվածքով ճանչցավ անոր վրա երիտասարդ մը գլխե հանելու բոլոր առավելությունները։

Իր ներքին խռովությունն այնքան ավելի սաստիկ և ուժգին եղավ որքան Տիգրանի չէր կրնար հաղորդվիլ։ Կը մտածեր որ իր բարեկամին անկախության դպչելու իրավունք չուներ, նա ազատ էր իր ուզածին հետ պարելու կամ խոսելու, զինքը պարահանդես