Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերեք խոստացեր ու բերեր էր և ադկե ավելի բան մը չէր կրնար պահանջել անկից։

Ափսոս, մինչև այն վայրկյանը Տիգրանը գոնե իրեն անձնվեր մեկն համարած էր. և առաջին առթիվ կը տեսներ թե որքան խաբված էր իր համոզման մեջ։ Իր վիրավորյալ հպարտությունն արգիլեց զինքն ոևէ բան մր զգացնելե Տիգրանի․ ի՜նչ օգուտ եթե իր ստիպման վրա երիտասարդն այդ կնոջ հետ չպիտի պարեր։

Սուրբիկ՝ այս երկրորդ անգամն ըլլալով՝ կը սխալեր իր դատաստանին մեջ։

Տիգրան հիմարի մը պես կը սիրեր զինքը։

Արամ էֆենտիի կինը պարահանդեսին մեջ գտնվող տիկնանց մեջ թերևս ամենեն գեղանին էր։ Մեծագին չէր անոր հագուստը. պարզ քռեմ կազե շրջազգեստ մը հագած էր նա վալանսիեներով շտկված, որո թափանցիկ ու անգաղտնապահ հյուսվածքը՝ մարմարի պես սպիտակ մարմնո մը բոլոր հեշտալի հրապույրը կը մատներ. իր սիրուն գլուխը, դալուկ դեմքը, դյուրաբեկ հասակն, երազի մեջ երևցող ու խուսափող տեսիլ մը կը հիշեցներ զոր կորսնցնելու վախով մարդս կը վախնա ձեռք դպցնելու։

Զմայլման ու հափշտակության շշունջ մը կը բարձրանար երիտասարդաց ու պատանյաց մեջ անոր անցած ատեն, ամենքն անոր ընկերացող անձին շուրջը կը դառնային անոր ներկայացվելու, հետը շրջան մը ընելու կամ բառ մը փոխանակելու հույսով, իբրև նորատեսակ արբանյակներ՝ որոց այս շողշողուն ու հրավառ աստղը ձգողության ընդհանուր կեդրոնն էր։

Լուռ ու անխոս, Տիգրանի հետ հառաջացավ նա ծառուղվո մը մեջ. երիտասարդն իր թևին վրա կզգար անոր փափուկ nւ քնքուշ թևին ջերմությունն որ էլեկտրական հոսանքի մը պես իր երակներուն կը հաղորդվեր, կանգ առին ծառի մը մթին ու խորհրդալի ստվերին տակ. քիչ մը հեռու ուրիշ զույգեր կը պտըտեին կամ կը խոսակցեին։

Սուրբիկ տրտում ու խոհուն կերևեր։