Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՜նչ ունիս այս իրիկուն, հարցուց երիտասարդը մտահոգ։

— Ոչինչ, մրմնջեց նա։

— Չե՜ս ուզեր պարել։

Սուրբիկ դժկամակության ձև մը տեսնել կարծեց այս հարցման մեջ։

— Ո՛չ, պատասխանեց նա, այս գեղեցիկ գիշերին ավելի կուզեմ երկինքն ու ծովը դիտել։

— Թե որ Խոսրով էֆենտիեն չախորժեցար, ուրիշ բարեկամի մը հանձնեմ քեզ։

Այս վերջին խոսքը խիստ ծանր եկավ Սուրբիկին. սիրտը դառնությամբ լեցվեցավ ու կսկծալիր հառաչանք մը զսպեց իր սրտին մեջ։ Ա՛լ տարակույս չի կար. երիտասարդը չէր սիրեր ու չէր սիրած զինքն. ու հիմա պարահանդեսին մեջ իր գլխեն նետել կուզեր զինքն ավելի ագատ զբոսնելու համար։ Ու այս տեսակ սև մտածումներ անոր շփոթած միտքը գրավեցին. ուրախ ու զվարթ եկեր էր պարահանդես, երիտասարդական բաղձանքներն՝ իր սրտին մեկ անկյան մեջ թաղված իզուր պահ մը արթննալ սկսեր էին. հիմա կըմբռներ թե հարկ էր մոռնալ, վերջապ ես մոռնալ երջանկության վաղանցիկ հույսերն, ինքը, խե՜ղճ կին, ո՜վ ուներ աշխարհիս վրա. ամենեն լքյալ ու երեսի վրա ձգված տարաբախտ էակ մ՛էր։

— Ո՛չ, ըսավ հաստատ ձայնով, Խոսրով էֆենտի անհաճո մեկը չէ. իրեն տար զիս։

Քիչ մ՛ալ պտտեցան անշշունչ, առանց բառ մավելցնելու, երաժշտությունն անդիեն վալսի նշանը տվավ. պարողներն հետզհետե գացին. Սուրբիկ հուսաց վայրկյան մը որ երիտասարդն իր քով պիտի մոռնար Եվգինեի տված խոստումը, բայց իր պատրանքն երկար չի տևեց. Խոսրով իր կնոջ հետ իրենց մոտ գալու վրա էր ու Տիգրան դեպի անոնց հառաջացավ.

— Չեք մոռցած խոստումնիդ անշուշտ, տիկին, ըսավ։

— Ես ալ եկա ձեզ զայն հիշեցնելու, պատասխանեց Խոսրովի կինը։

Երկու բարեկամներն իրենց ընկերուհիները փոխանակեցին և Տիգրան շուտով վալսի հորձանքին մեջ անհայտ եղավ։