Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այո՛, հանցավոր էր, — այսպես խորհեցավ երիտասարդ կինը ներքնապես, — այսպիսի կասկածելի անձնավորության մը ընկերանալուն, և Տիգրանի առաջ ինքզինք արդարացնելու միջոց մը չի կրցավ գտնել իր մտքին մեջ։ Ի՞նչ պիտի ըսեր, ի՞նչ բացատրություն պիտի տար անոր հետ ընկերանալուն։

Ո՜րքան մեծ տարբերություն այս երկու մարդոց մեջ. երկուքն ալ զինքը կը սիրեին. այսպես գոնե կը կարծեր ինքը, բայց մինչդեռ Տիգրան ամեն ազատություն ու դյուրություն վայելելովն հանդերձ երկու տարվան մեջ զինքը նվիրական էակի մը պես հարգելե ու պաշտելե անդին անցած չէր, անդին նորեկ մը, գործունյա, փութաջան ու ձեռնարկող, համառոտ ձևերով զինքն իր գրկին մեջ սեղմելու չափ հառաջացեր էր կես ժամվան մեջ։ Հանկարծ անոր մտքեն կասկած մը անցավ ու Սուրբիկ զզվանք ու սոսկում զգաց այս մարդեն. ի՞նչպես կրցեր էր անոր թևն ընդունիլ. ինքն իսկ զարմացավ ասոր։

Վտանգն ամենեն աղեկ ուղղեց նորա դատողությունն, և մարդկային սրտին բնական եղող հակազդեցությամբ մը Տիգրանի բոլոր փափկությունն ու անձնվիրությունը ճանչցավ ու գնահատեց։

— Կը խնդրեմ որ զիս Խոսրով էֆենտիին մոտ տանիք, ըսավ վախով ու ցասմամբ հուզյալ ձայնով մը։

Մարեմյան Սուրբիկի բոլոր մտածումները մի առ մի կարդաց անոր դեմքին վրա, ու հակառակելու անկարելիությունն հասկցավ։ Ուստի շուտով առաջնակարգ դերասանի մը պես իր առջի հարգալից ձևն զգեցավ։

— Հոժարությամբ, տիկին, պատասխանեց նա. միայն կը խնդրեմ որ ներողամիտ լինիք թե որ ոևէ կերպիվ առիթ եղա ձեր անհանգստության, հավատացեք որ ամոթով եմ այս մասին։

— Բնա՜վ, էֆենտի, հանցանքը ձերը չէ. և ես շնորհակալ եմ ձեր խնամոցը. ջղային տկարություն մէր որո երբեմն ենթակա կըլլամ, պատասխանեց Սուրբիկ չոր ու ցամաք կերպով։

Վալսը լմնցավ ու պարողներու քրտնաթոր զույգերը գիշերվան զով օդն առնելու համար պարտեզին մեջ ցրվեցան։