Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ոգնում եր Տիգրանին և յերբ սա գործը կիսատ թողնելով վորսի յեր գնում, բանը մնում եր Արշակի վզին:


Տիգրանը ջեր հաշտվում յեզան ու գոմշի հետ. յես ձի պետք ե բանացնեմ, ասում եր։ Նա սկսեց ձիան առնել, սայլի տեղ սկսեց ֆուրգոն բանեցնել։ Այսպես միևնույն տան մեջ և ֆուրգոն եյին բանեցնում և սայլ, և գոմեշ լծում և ձի։ Մեծը չեր հաշտվում ձիանց հետ և վնասակար ու շռայլություն եր համարում, չեր ուզում ձեռք վերցնել իր գոմեշից. փոքրն ել, սրա հակառակ, ուզում եր ամբողջ գյուղի սովորությունը փոխել։


Սմբատը նորության բարեկամ լինելով փոքրին եր պաշտպանում և խրախուսում բայց մեծին հնությունից ձեռը վերցնել տալ չեր կարողանում։ Այս հնի և նորի խառնուրդը տնտեսական վնաս եր հասցնում տանը, բայց հնար չկար դրա առաջն առնելու։ Մեծը, ուզենար ել, կարող չեր ձի բանեցնել, դրա համար մեծ ջանք, մեծ ծառայություն եր պահանջվում, իսկ նա սովոր եր դանդադ ու հանգիստ գործելու։ Նոր գութանի հետ չեր հաշտվում, վորովհետև գութան շինելում իրան հմուտ վարպետ եր համարում: Իսկ փոքրը նրան չեր նայում և նոր գութան եր բանեցնում իր ձիերով։


Այսպիսի մի աններդաշնակ խառնուրդ եյին ներկայարնում և նրանց կանայքը։ Նրանց մեջ կային յերես փաթաթածներ ու յերեսբացներ, ինչպես կային չխոսկաններ և խոսողներ։ Մեկը մշակություն եր անում, ջուր կրում, խմոր հունցում, հաց թխում, լվացք անում, կերակուր յեփում, տղամարդկանց ոգնում կալ ու կուտի ժամանակ, կով կթում, խնոցի հարում, հավ պահում, միով բանիվ ամեն բան, ինչվոր մեր ժրագլուխ տատերն արել են իրանց ջահրայից սկսած և գուլբայով վերջացրած, իսկ մյուսը նրան ձախ ձեռով եր ոգնում. յերրորդը ձախն ել չեր բանի մոտեցնում, այլ միայն իր յերեխանցն եր զուքում, զարդարում. չորրորդը կար ու ձև եր անում ամենի համար, ամենի սիրտը շահում, վոր իր վրա չխոսեն, բայց ընդհանուր առմամբ բոլորն ել ծույլ եյին, ամենքն ել սիրտ պակաս. գործի արդար բաժանմունքը, չկար ներքին կարգ ու կանոն, ավլող, սրբող, մաքրող, տուն ու տեղը կարգի բերող։ Այս միևնույն խայտաբղետությունը յերևում եր և յերեխանց մեջ թե հագուստի կողմից և թե կրթության։


Այսպես չեր այս տունը, քանի վոր կենդանի յեր տան տիրուհին՝ լուսահոգի Յեղիսաբեթ խանումը. Հենց վոր նա մեռավ, նրանից հետո տան տերն ել ծերունի Ոհանես աղան յերկար չապրեց: Բայց սա աչքովը տեսավ իր տան անկարգությունը և վշտացած սրտով մտավ գերեզման։