Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չորս յեղբայրներից Սմբատն եր, վոր դպրոցից դուրս գալով իբրև աշակերտ, կրկին դպրոց եր մտել իբրև վարժապետ, և յերկար ժամանակ այդ շրջանում ապրելով անծանոթ եր մնացել կյանքի մյուս շրջաններին, վորոնց մեջ յեղած ահագին փոփոխությունը նա չեր նկատել։ Նույնիսկ անցյալին ել նա լավ չեր ծանոթ։


Այսուամենայնիվ պետք ե ասել, վոր Սմբատի մանկության ժամանակ նրանց գյուղաքաղաքում նահապետական սեր և միություն կար։ Չարություն յեթե կար, գիտակցական չեր, այլ մանկական։ Մեծ մարդիկը այնքան միամիտ եյին, վոր յերբեմն մանկական չարություն եյին անում։ Մարդիկ չեյին տարբերվում միմյանցից վոչ մի բանով, ամենքն ել գաղափարակից եյին միմյանց, մեկ հավատ ունեյին, մեկ հույս ու մեկ սեր։ Չկար անհատական ազատություն, բայց նրա գոյությունն զգալի չեր վոչ վոքի։ Կանայք նոր ձևի հագուստ հագնելը իրանց համար անպատվություն եյին համարում, մեծերի մոտ չխոսկան մնալը՝ փառք ու պարծանք։ Մարդ անխղճություն եր համարում գրկել նրանց իրանց այդ միակ մխիթարությունից։ Արտաքուստ ստրկություն յերևցող վիճակն ստրկություն չեր կրողի համար, այլ մի նահապետական սրբացած և ընտելմունք դառած սովորություն, և գտնվում եր վոչ բռնության, այլ հայրական սիրո հովանավորության տակ։ Մեծերի առջև փոքրերի ձեռը սրտին դրած կանգնելը, ձայն—ծպտուն չհանելը, կուրորեն հնազանդիլը մի թշվառություն չեր նրանց համար, այլ մեծ բախտավորություն։


Ազատ եյին ջրերն ու անտառնեբը, ազատ եյին սարերն ու ձորերը, սակավ եյին մարդիկ և շատեր տեղը. և մարդիկ ապրում եյին ինչպես Աբրահամու որերում։ Աղքատ եյին մարդիկ քաղաքակրթական պարագաներով, բայց գոհ եյին իրանց վիճակից, վոչ մի բանի պակասություն չեյին զգում, և ով ե զգացել իր չտեսած բանի պակասությունը, վոր նրանք զգային:


Ստրկության ազատությունը և վերջն ել դատական վերանորոգությունը, գյուղական ինքնավարությունը, նորամուտ լուսավորությունը, յերկաթուղի, հեռագիր և այլն, մին մինի յետևից հանկարծ գալով շլացրին ժողովրդին, մի հանկարծական փոփոխություն ձգեցին նրա նիստուկացի ու վարք ու բարքի մեջ:


Ժողովուրդն այնպես փոխվեցավ մի տասը տարվան մեջ, վորքան փոխված չեր հարյուրավոր տարիների ընթացքում։ Ինչ վոր մի շատ արժեր առաջ, դառավ քսան շահի և ավելի ես. փողը շատացավ, շռայլությունն ել հետը. և այս վերջինը հաղթեց առաջինին: Առաջվան հարյուր մանեթով յերջանիկ ապրողը ել չկարողացավ հազար մանեթով ապրել։