Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի նոր տեսակ գոյության կռիվ սկսվհց, անմիտները հանկարծ սատանայացան, խելոքները խորամանկացան, ազնիվներր խարդախացան, հավատարմությունը կորավ, սերը սառավ, սեփականությունը ձեռքից ձեռք անցավ, և այլն այսպես։


— Ամենքս պետք ե յեղբայր լինենք, և վոչ թե միայն մի հորից ու մորից ծնվածները, ասեց յեղբայրներից Տիգրանը. իսկ այդ կարելի յե ձեռք բերել միայն և միայն բաժանությամբ։ Նախ իմ բաժինն ինձ, քոնը քեզ. հետո համեցեք ընկեր դառնանք, յեթե կամենում ես։


— Լսիր, յեղբայր, ասեց Սմբատը, սրանք վոչ թե չեն հասկանում մեր ասածը, այլ չեն ուզում հասկանալ, վորովհետև իրանց համար ոգտակար չեն համարում։ Յեղբայրս վոչ թե բաժանության ե հակառակ, այլ մեր բաժին ստանալուն։ Սա շատ ուրախ կլինի, վոր մենք ինչ ունինք չունինք իրան տանք և ինքներս դատարկ ձեռքով դուրս գանք։ Այնպես չե՞, յեղբայր, ուղիդն ասա։


— Յես վոչինչ չունիմ ասելու, պատասխանեց Ավագը. յես վոչ ձեր չափ ուսում ունիմ, վոչ ձեր նման ճարտար լեզու, ուրեմն դուք ձեր բաժինն արդեն ստացել եք, ել ինչ եք ուզում ինձանից։


— Ուրեմն քո կարծիքով ով վոր ուսում չունի, պետք ե հաց ունենա, իսկ ով վոր ուսում ունի պետք ե քաղցած զկռտա։ Այսոր իմ ուսումն ել ինձ հաց չի տալիս, իսկ քանի վոր տալիս եր, յես իմ հացը կիսում եյի քեզ հետ։ Յես քեզանից վոչինչ չեմ ուզում, այ այն եմ ուզում, ինչ վոր մնացել ե մեր հորից։


— Մեր հայրը վոչինչ չի թողել, ինչ որ տեսնում եք, բոլորն ել իմ աշխատանքն ե։ Յես վկաներ ունիմ, վորոնցից մեկն ել ահա Մարպողոսն ե։


— Այ, նոր բան, բացականչեց Սմբատը։ — Ասա ինձ, Մարպողոս, ինչով ես հաստատում դու, վոր մեր տուն ու տեղը, մեր շարժականն ու անշարժը մեր հոր թողածը չե:


— Նրանով եմ հաստատում, վոր հայրդ մեծ պարտք ե թողել, և յեղբայրդ ե վճարել այդ պարտքը։


— Անամոթ, բացականչեց Տիգրանը, տեսեք ինչեր են հնարել...


— Ձայնդ կտրիր, անպիտան, քեզ ով ե խոսեցնում, բղավեց Ավագը։


— Մարպողոս, հեռացիր այստեղից, ասեց Արշակը. դու արյուն ես ուզում գցել մեր տունը ով գիտե ինչ վոխ ունիս հանելու։


— Մարպողոսը իմ հյուրն ե. և այս տունն ել իմն ե. ով ունի իրավունք այստեղ հրամայելու։ Դուրս յեկեք ինքներդ, անպիտաններ,— ասեց Ավագը և ձեռքը տարավ դեպի խանչալը։