Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ


ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

(1829-1866)

(Կենսագրական)


Նալբանդյանը ծնվել ե 1829 թվին Նոր—Նախիջևանում ուստա Ղազարի ընտանիքում: Նախնական կրթութիւնն ստացել ե մի տիրացվի մոտ, ապա հայկական Գաբրիել ք. Պատկանյանի (Ռափ Պատկանյանի հոր) ուսումնարանում։ Վերջինիս մոտ նա ցույց տվեց մեծ առաջադիմություն, և տեր-Գաբրիելն առանձին ուշադրություն դարձրեց Միքայելի վրա, վոր հետագայում արժանավոր հոգևորական դարձնի նրան։ Նալբանդյանին, սակայն, վիճակված եր այլ ասպարիզում գործել և դառնալ հոգևորականության հակառակորդ բանակի գործիչ։


1848 թվին նա մտավ հասարակական մի պայքարի մեջ ուղղված աղա Հ. Խալիպյանի դեմ, վորը սեփականացրել եր յեկեղեցական գումարներն ու չեր կամենում հաշիվ տալ: Պայքարը բուռն կերպարանք ստացավ, և Նալբանդյանը դարձավ աղայի ըմբոստ հակառակորդներից մեկը։ Եջմիածնի թելադրանքով Նալբանդյանը ճանաչվեց խռովարար և կանչվեց Եջմիածին արժանի պատիժը կրելու համար: Նալբանդյանը չգնաց, այլ հրաժարվելով կոչումից, անցավ Մասկվա և Պետրոգրադ գործունեյության ավելի լայն ասպարեզի համար պատրաստվելու։ Անսպառ յեռանդի տեր նա մի առանձին թափով Նվիրվում ե ինքնակրթության և համեմատաբար կարճ ժամանակում ձեռք բերում Լազարյան ճեմարանում ուսուցչության իրավունք, նախապես քննության յենթարկվելով Պետր. Արևևլյան լեզուների Ֆակուլտետում։ Եջմիածնի հալածանքը շարունակվելու պատճառով Նալբանդյանի ուսուցչությունը ճեմարանում տևում ե միայն մի տարի։