Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա իր կռվելու յեղանակով հիշեցնում ե Աբովյանի Աղասուն Անիի ավերակների շուրջը: Սարհատի խումբը կռվում եր ծպտյալ կերպով իբրև քրդական ավազակախումբ, ճիշտ այնպես, ինչպես Աղասին «Վերք Հայաստանի»—ում։


Սարհատը Րաֆֆու գաղափարների մարմնացումն ե. նա ծնունդ ե վոչ իրական պայմանների, այլ մի ծրագիր՝ ապագա հայդուկային շարժման վորն իսկապես հետագայում կիրառվեց և ծավալվեց տարիների ընթացքում։

ՍՈՒՐԵՆՅԱՆ


ՋԱԼԱԼԵԴԴԻՆԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ


Մայիս ամիսը 1877 տարվա մոտենում եր իր վախճանին։ Աղբակա[1] Լիանա դաշտերից մեկի վրա, առավոտյան մառախուղի միջից հազիվ յերևում եյին միքանի վրաններ, սև կապերտից պատրաստված, վորոնք բոլորաձև շարված եյին մինը մյուսի մոտ, թողնելով իրանց մեջտեղում բավական ընդարձակ հրապարակ: Տեսնողը առաջին անգամից կկարծեր, թե դրանք մի խաշնարած ցեղի չադրներ են, վոր զետեղվել եյին այդ կանաչազարդ հովտի մեջ, իրանց անասունների համար արոտ գտնելու։ Բայց քանի վոր արևը բարձրանում եր, լեռներին պատած մառախուղը ավելի և ավելի նոսրանում եր, վրանների տարածությունը ընդարձակ հովտի մեջ հետզհետե մեծ քանակություն եր ներկայացնում։ Այս կասկածելի յերևույթը այն ժամանակ նրան բանակի ձև եր տալիս։


Յեվ իրավ, վրանների առջև ցցված յերևում եյին յեղեգնյա յերկայն նիզակներ, վորոնց ծայրերը զարդարած եյին սև փետուրներով, իսկ հրապարակի վրա անբացատրելի խռովության մեջ շարժվում եյին զինվորված տղամարդիկ, վորոնց յերեսները արտահայտում եյին կատաղի անհամբերություն։ Բանակից հեռու, դալար խոտերի մեջ, արածում եյին բոլորովին պատրաստ, թամքած ձիաներ, վորոնց առֆևի և յետևի վոտներից մեկը շղթայած եյին բըխովներով չփախչելու համար։


Վրաններից մեկի առջև,—վոր իր մեծությամբ և փառահեղությամբ վորոշվում եր մյուսներից,—ցցած եր մի կարմիր դրոշակ, վորի չորս անկյունների վրա կարդացվում եյին, արաբական տառերով դրոշմված, չորս անուններ՝ — Ալի, Ոսման, Ոմար և Արու—

  1. Աղբակը տաճկական Հայաստանի գավառներից մեկն ե, վոր սահմանակից ե Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներին։