Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոր ջադուկները տալիս են մարդկանց զանազան խորհրդավոր նպատակներով: Բայց իսկապես կախարդական վոչինչ չկար նրանց մեջ, այլ նրանց վրա գրված եյին մի—մի տող Ղորանի այն այեթներից, վորոնց զորությամբ մարդ ազատ ե մնում ամեն տեսակ չարից փորձանքից։


Վրանի մուտքը բաց եր: Դրսում գտնված բազմությունից մի—մի մարդ անդադար ներս եր գալիս. նա դեռ շեմքի վրա չհասած, չոքում եր, յերկրպագություն եր տալիս և այնպես չոքեչոք մոտենում եր շեյխին, իր սուրը դնում եր նրա վոտքերի մոտ և ձեռքը համբուրում եր, հետո ծերունին առնում եր քաշքուլի միջից յեռանկյունի ձևով ծալած թղթերից մեկը և տալիս եր համբուրողին: Նա առանց վոտքի վրա բարձրանալու, նույնպես չոքեչոք հետ եր դառնում և դուրս եր գալիս վրանից:


Այսպես այցելուները անդադար մինը մյուսի յետևից, նույն ծեսը կատարելով, ներս եյին գալիս ու դուրս գնում:— Ամեն մի քաջ, իր սուրը շեյխի վոտների մոտ ձգելով, նվիրում եր նրան և փոխարենը ստանում եր խորհրդական թղթերից մեկը, վոր անխոցելի պետք ե պահեր նրան թշնամու զենքերից: Յեվ աձս պատճառով վրանից դուրս յեկածին պես, նա իսկույն մի շորի կտորի մեջ դնելով, կարում եր իր աջ թեքի վրա:


Յերբ թղթերի բաժանման գործը վերջացավ, դրսում լսելի յեղավ մի թմբուկի ձայն, և զինվորված բազմությունը ամեն կողմից շտապով մոտեցան սրբազան զորավարի վրանին: Իսկ յերբ բոլորը հավարված եյին, այն ժամանակ դուրս յեկավ շեյխը: Ամրողջ բազմությունը աջ ձեռքը յերեսին քաշեց և լուռ որհնություն կարդաց (սալավաթ): Այս գործողությունը մահմեդականների մեջ նույն նշանակությունն ունի, վորպես քրիստոնյաների մեջ յերես խաչակնքելը:


Վորովհետև ուրիշ բան չկար, ձիերի թամքերը միմյանց վրա դարսելով, վրանի առջև կազմվեցավ մի ամբիոն: Շեյխը բարձրացավ նրա վրա: Նա իր ձեռքում չուներ գավազան, վոր սովորարար կրում եր քարոզի ժամանակ, այլ նրա փոխարեն բռնած ուներ կարմիր դրոշակը, վորի գլխին փողփողում եր սպիտակ աջը չորս խալիֆաների անունով: — Այս դիրքը հիշեցնում եր այն հրաշալի յերևույթը, յերբ Արաբիայի մարգարին անապատի մեջ առաջին անգամ բարձրացավ ուղտերի թամքերից կազմված ամբիոնի վրա և խոսեց իր վոգելից ճառը:


Շեյխի քարոզը սկսվեցավ որհնություններով, վորոնց մեջ խիստ ջերմեռանդ արտասանություններով փառաբանվում եյին ալլահի,