Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գնա շեյխի մոտ, նրա վոտները համբուրիր, աշաչիր, պաղատիր, ասա, ինչ վոր ուզում ե, կտանք, միայն թե մեզ կենդանի թողնե»...


Քաջասիրտ վարդապետը շատ խոսեց, յերկար հորդորում եր և խրախուսում եր, բայց թուլասիրտ և ստրկացած ամբոխը չընդունեց նրա խորհուրդը։ Վերջը նա ստիպված յեղավ առնել իր հետ մի քանի ծերունիներ և քահանաներ ու դիմել շեյխի մոտ։


Այն ժամանակ Ոմար—աղան մոտեցավ նրան և ասաց այս խոսքերը.


— Յես գիտեյի, վոր այսպես կլիներ... բայց դու զուր ես գնում. քեզ կբռնեն, կպահեն և գուցե կսպանեն...


— Պիտի գնամ, ճար չունեմ, թող սպանեն... ասաց վշտացած վարդապետը։ — Ժողովուրդը ինձ հանգիստ չե թողնում...


— Ինձ այսուհետև ավելորդ ե այստեղ մնալ... ասաց քուրգ ազնվականը։


— Յես ել խորհուրդ չեյի տա մնալու համար, պատասխանեց վանահայրը.— գնացեք, տնդ ձեզ. միայն ընդունեցեք կատարել իմ վերջին խնդիրքը. առեք այդ բանալին, նույն պահարանի մեջ, ուր խագցրել եմ ձեր կայքը, այնտեղ յերկու արկղներում պահված են վանքի սրբությունները. տարեք ձեզ հետ, թող ավազակների ձեռքը չընկնեն։— Դուք միշտ այնքան հավատ եք ունեցել դեպի մեր վանքը, վոր վոչ մի քրիստոնյա չե ունեցել։


— Կտանեմ, միամիտ կացեք, պատասխանեց քուրդը:— Բայց դուք վեր առեք ձեզ հետ իմ մարդերից մեկը. նա հեռվից կհետևի ձեզ. և յեթե ձեզ բռնելու կամ պահելու լինեն, նա ինձ իմացում կտա։


Վանահայրը համբուրվեցավ իր բարեկամի հետ և սկսեց դիմել շեյխի բանակը։ Նա ամենևին հույս չուներ, թե կվերադառնա այնտեղից ե մյուս անգամ կտեսնի իր բարեկամին։


Նույն միջոցում հասան Ոմարի մարդիկը, բերելով իրանց հետ յերեսունի չափ ավելորդ ձիաներ, և նա բարձել տվավ իրան պատկանող իրեղենները, վոր քանի որ առաջ ապահովության համար բերել եր այնտեղ. նա չմոռացավ իր հետ վեր առնել և այլ յերկու արկղներ, վորոնց մասին խնդրել եր, դռնապանը բացեց պարըսպի գաղտնի դռները, և ազնիվ քուրդը խիստ տխուր սրտով համբուրեց տաճարի սուրբ սեղանը և հեռացավ վանքից։


Վանահայր Յեղիազար վարդապետը գնաց շեյխի բանակը և այլևս չվերադարձավ այնտեղէց...