Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բլուրների յետևից յերևացին նիզակների սուր ծայրերը, և մի քանի րոպեյից հետո հայտնվեցան մի խումբ ձիավորներ:


— Գալիս են, ասաց գյուղացիներից մեկը։


Տանուտերի աչքերը հեռվից լւսվ չեյին տեսնում, նայեց դեպի այն կողմը և վոչինչ չնկատեց։


— Նրանք են, ձայն տվեց մի ուրիշ գյուղացի։


— Տղերրք, ասաց տանուտերը իր մոտ կանգնած գյուղացիներին, դուք այստեղ մնացեք, նրանց ձիաները բռնեցեք, խոտ և գարի տվեցեք մինչև մերոնք կգան դաշտից:


Մոտեցավ բեկը մի խումբ զանազան տեսակ վորսորդական շներով և քսանից ավելի ձիավորներով, վորոնք իր հեռու և մոտ ազգականներն եյին, և վորոնց թիկնապահների նման իրանից չեր հեռացնում։ Նա այս որ նստած եր մի գեղեցիկ կապտագույն արաբական նժույգի վրա, վորի բոլոր ասպազենը զարդարած եր արծաթով և փայլուն ակներով։ Ինքը բեկը քառասուն տարեկան հասակից անցած մի տղամարդ եր, բայց տեսնողը կմտածեր, թե յերեսուն տարեկան յերիտասարդ ե, վայելչակազմ, հսկայատիպ և այրական դեմքով։ Նրա հագուստը վոտքից գլուխ բաղկացած եր բեհեզից, թանգագին կերպասից, ասղնագործած վոսկի թելերով, զենքները նույնպես զարդարած եյին վոսկով և արծաթով։


Տանուտերը, տեսնելով նրան, մի քանի քայլ առաջ գնաց և կանգնեց խրամի մոտ, վոր փորած եր ջուր անցկացնելու համար։ Խրամի վրա ձգած եր մի կամուրջ, վորտեղից պիտի անց կենար բեկը, բայց նա, փոխանակ կամուրջից անցկենալու, խթեց իր ձիու կողքը. ձին փռնչաց, ծտի նման թռավ ահագին խրամից, և մի քանի զարմանալի պտույտներ գործելով, սիգալով կանգնեց տանուտերի մոտ։


— Ինչպես ե, հավանում ես, քավոր Խաչո, հարցրեց բեկը, ձեռքով գգվելով նժույգի սիրուն բաշը,— դու ձիաներ ճանաչում ես. ինչպես ե:


— Աստված թող հեռու պահի չար աչքից, շատ գեղեցիկ ե, ինքը Քորողլին ել չի ունեցել մի այսպիսի ձի. ուղիղ քեզ արժանի յե, պատասխանեց տանուտերը մոտենալով և իր ձեռքը քսելով նժույգի պարանոցին։ — Վորտեղից գտար, դու այսպիսի ձի չունեյիր։


— Նոր ընծայեմ ստացել Արզրումի վալիից, պատասխանեց ուրախացած բեկը։ — Վալին այդ նժույզը իր զույգ աչքերի հետ չեր փոխի, բայց ուղարկեց իր բարեկամին. նա այդ ձին ընծա յեր ստացել Հալեբի շեյխից:


— Գեղեցիկ ձի յե, կրկնեց տանուտերը։