Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քը միայն կարող ե մահացնել նրան... Աղաչում եմ, մեռցրու նրան և բոլորովին ցամաք անապատ դարձրու իմ սիրտը, վորպեսզի դադարեն իմ մեջ բոլոր կրքերը»...


Հանկարծ լռեց։ Դարձյալ արտասուքը սկսեց հոսել նրա աչքերից։ Դարձյալ զգացմունքների կատաղի մրրիկը սկսեց ալեկոծել նրան: Յերկար այդ խռովության մեջ տանջվում եր նա, մինչև խելագարի նման ձեռքը տարավ դեպի բորբոքված ճակատը և դողդոջուն ձայնով արտասանեց.


— Վոչ, վոչ, ով տեր, յես սիրում եմ... Առանց նրան ինձ համար լույս ու կյանք չկա... Դու ստեղծեցիր սերը, դու դրդեցիր իմ մեջ սերը և դու պետք ե լինես նրա զորավիգը... Նա քո արարչության ամենամեծ արդյունքն ե... Ժամանակներից առաջ քեզ հայտնի յեր նրա և կեցուցիչ և մահացուցիչ զորությունը... Դու գիտեյիր թե վորպիսի անողորմ ձեռքով պետք ե դարձնե նա մարդկանց սրտերը թե դեպի բարին և թե դեպի չարը... Ինձ ձգել վերջին ճանապարհի վրա, և պետք ե շարունակեմ առաջ գնալ... Թող աշխարհի մեջ մի անհարգ նշավակ դառնամ յես, թող ապագայի համար հավիտենական դատապարտության առարկա դառնամ յես, թող ամեն վոք անեծքով արտասանե իմ անունը, — բայց յես սիրում եմ, և կսիրեմ... Իմ անգին Վորմիզդուխտը պետք ե լինի Հայաստանի թագուհին, իսկ յես պետք ե դառնամ թագավորը, միայն նրան արժանի լինելու համար... Թող արյունով վոռոգվի այն ուղին, վոր տանում ե ինձ դեպի հայոց գահը... Թող դիակներով կազմվի այն սոսկալի ամբարտակը, վոր կհասցնե ինձ մինչև այդ բարձրությունը... Բոլորը քաղցր ե ինձ համար, բոլորը ախորժելի յե ինձ համար, վորովհետև այդ բարձրության վրա պետք ե վայելեմ նրա սերը...


Առավոտյան դեռ արևը նոր եր ծագել, դեռ նոր հոտերը քշում եյին դեպի մերձակա արոտները, յերբ Մանիի տաղավարին մոտեցան յերեք սպառազինված ձիավորներ։


— Այստեղից անցավ մի սպիտակ ձիավոր, հարցրեր նրանցից մեկը։


— Նա գիշերը ինձ մոտ հյուր եր, — պատասխանեց հովիվը:


— Ի՞նչ յեղավ։


— Գնաց:


— Յե՞րբ գնաց։


— Նա յեկավ գիշերով և գնաց գիշերով։


— Ո՞ւր գնաց։


— Մութն եր, յես նրա յետևից յերկար նայեցի, բայց նկատել